Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը իր գոհունակությունն է հայտնել ՖԻՖԱ-ի այն որոշման վերաբերյալ' ըստ որի 2022 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը չի անցկացվի Օլիմպիական խաղերի հետ նույն ժամանակահատվածում:
Այս պահի դրությամբ դեռևս հայտնի չեն Մունդիալի անցկացման հստակ օրերը, և այդ ամենը կապված է ամռանը աշխարհի առաջնությունը չանցկացնելու հետ: ՖԻՖԱ-ն հայտարարել է, որ այն կարող է անցկացվել ձմռանը: Իսկ ահա 2022 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերը կկայանան փետրվար ամսին:
«Սպիտակ խաղերը» հյուրընկալող քաղաքը դեռևս հայտնի չէ, սակայն կան արդեն երկու թեկնածու' Պեկինը և Ալմաթին:
ՖԻՖԱ-ի նախագահը վստահեցրել է Բախին, որ մրցաշարերը միմյանցից զատ կանցկացվեն: Բլատերի կարծիքով, ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնությունը հնարավոր է կայանա 2022 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին:
2022 թվականի աշխարհի առաջնության ժամկետները հայտնի կլինեն 2015 թվականի ընթացքում: Մունդիալը կանցկացվի Քաթարում: