Գիրք նվիրելու օրվա առթիվ Հայաստանի մարզերի և Արցախի մի շարք գրադարաններ կհամալրվեն բազմաթիվ գրքերով: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը: Նա ընդգծեց, որ վերջին տարիներին մի շարք միջոցառումներ են իրականացվում գրադարանները գրքերով համալրելու համար: «Գրքից լավ նվեր աշխարհում չկա, հատկապես հայ մարդու համար: Գիրքը մեզ համար մշտապես եղել է սրբազան երևույթ: Օրինակ' Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը բուժման միջոց է եղել մեզ համար: Յուրաքանչյուրս պետք է գիրք նվիրի մյուսին, քանի որ գիրքն իր ողջ էությամբ այսօր պետք է կրի նվերի խորհուրդը»,- նշեց ՀԳՄ նախագահը:
Էդվարդ Միլիտոնյանն ընդգծեց, որ օրը միայն գիրք նվիրելու համար չէ: Տոնը գրքի նկատմամբ սեր քարոզելու նպատակ ունի, ինչպես նաև միտում ունի մարդկանց տեղյակ պահել, թե ինչ գրքեր են հրատարակվում այսօր:
«Կարծում եմ, յուրաքանչյուրը հիմա պետք է սպասի, թե ով է իրեն գրքեր նվիրելու, սակայն ավելի կարևոր է, որ մեզնից յուրաքանչյուրը մտածի, թե ինքն ինչ է նվիրելու մյուսին: Նվիրելը միակողմանի չէ: Այս նախաձեռնության միջոցով կվերագտնենք սերը գրքի հանդեպ»,- նշեց Միլիտոնյանը:
Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ Հայաստանի մի շարք դպրոցներում կանցկացվեն տոնական միջոցառումներ, որոնց կմասնակցեն նաև միության անդամ գրողները: «Նորքի ծերանոցում ևս միջոցառում կանցկացվի: Ես վաղը կմեկնեմ Արցախ' մասնակցելու գրող Մաքսիմ Հովհաննիսյանի ծննդյան 80-ամյակին նվիրված միջոցառմանը: Այնուհետև կմասնակցեմ նաև Գիրք նվիրելու օրվա միջոցառումներին»,- հավելեց Միլիտոնյանը:
ՀԳՄ նախագահը համոզված է, որ մինչև 7-րդ դասարան երեխաները հետաքրքրվում են գրքերով, կարդում են, իսկ ավելի մեծ տարիքում ընթերցում են կամ մասնագիտական գործեր, կամ էլ ապավինում են փողոցի դաստիարակությանը:
ՀՀ Գրողների միության նախկին նախագահ երջանկահիշատակ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը' փետրվարի 19-ը, արդեն 6-րդ տարին նշվում է որպես Գիրք նվիրելու օր: Տոնի առթիվ ամեն տարի կազմակերպվում են մի շարք միջոցառումներ: