Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ներկայացրեց «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխությունների վերաբերյալ խորհրդարանական խմբակցությունների և վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանդիպման մանրամասները:
Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում նա նախ հիշեցրեց, որ այդ հանդիպմանը նախորդել էր Հանրապետության նախագահի մոտ կայացած խորհրդակցությունը, որտեղ եղել էր հանձնարարություն, որպեսզի «Շրջանառության հարկի մասին» օրենքի համապատասխան դրույթը, որը վերաբերում էր փաստաթղթավորմանը, հետաձգվի մինչև հուլիսի 1-ը: «Մենք կարևորում ենք «Շրջանառության հարկի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություն երը, քանիոր այն միտված է ապագային, սակայն քանի որ կան մտահոգություններ, օբյեկտիվ հարցադրումներ, որոշում կայացվեց հետաձգել օրենքի կիրառումը, կազմակերպել քննարկումներ, հասկանալ իրավիճակը, որպեսզի փոքր և միջին ձեռնարկությունների աշխատանքը չվտանգվի»,- հայտնեց Բաղդասարյանը:
Պատգամավորն ընդգծեց, որ փետրվարի 2-ին Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի նախաձեռնությամբ եղավ խորհրդակցություն, որին մասնակցում էր ՀՀ վարչապետը և խորհրդարանական բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները: «Քննարկման ընթացքում ձեռք բերվեց համաձայնություն, որ սեղմ ժամկետներում ներկայացվեն առաջարկներ, քննարկվեն բոլոր առաջարկները և հնարավորության սահմաններում միակարծիք լուծում տրվի խնդրին:
Եթե այդ քննարկումների արդյունքում միակարծիք որոշում չլինի, նորից յուրաքանչյուր քաղաքական ուժ կշարունակի իր քայլերը: Եղել է համաձայնություն, որպեսզի մենք պարտադիր փաստաթղթավորման պահանջը հետաձգենք մինչև հուլիսի 1-ը, սակայն շատ սեղմ ժամկետներում խնդրին լուծում գտնվի»,- ընդգծեց Բաղդասարյանը: