«Օրինաց երկիր» կուսակցությունը շարունակելու է պայքարը, որպեսզի շրջանառության հարկի մասով արտոնություններ ստացող կազմակերպությունների ցանկն ընդլայնվի: Այս մասին հունիսի 25-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը՝ անդրադառնալով օրերս Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքի նախագծին, որով շուրջ 58 հազար առևտրային օբյեկտների համար շրջանառության հարկի 3.5 տոկոս դրույքաչափը նվազեցվել է մինչև 1 տոկոս: «Դուք գիտեք, որ այս պահին շուրջ 58 հազար 700 առևտրային տնտեսվարող սուբյեկտներ կան, որոնք աշխատում են շրջանառության հարկի դաշտում, այսինքն' նրանց տարեկան շրջանառությունը չի գերազանցում 58 միլիոն դրամը, և այն 3.5 տոկոսն արդեն նվազել և դարձել է 1 տոկոս: Հիմա մենք շարունակում ենք պնդել մեր առաջարկը, որպեսզի ոչ միայն առևտրական օբյեկտների, այլ բոլոր տնտեսավարողների վրա սա տարածվի»,- ընդգծեց Մարգարյանը:

 

ՕԵԿ պատգամավորի խոսքով' այս պահին իրենք նաև ուսումնասիրում են, թե որքան է կազմում 58-100 միլիոն տարեկան շրջանառություն ունեցող տնտեվարող սուբյեկտների թիվը: Նա նկատեց, որ եթե դրանք, օրինակի համար, լինեն մի քանի հազար, ապա այս դեպքում պետք է քայլ կատարել և ավելացնել շրջանակը:

 

Պատգամավորը հիշեցրեց, որ իրենք շրջանառության հարկի վերաբերյալ օրենքի նախագիծ ունեն շրջանառության մեջ դրված և, դրական գնահատելով կառավարության նախաձեռնած փոփոխությունները, շարունակելու են հետևողական լինել, որպեսզի ընդունվեն նաև իրենց մյուս առաջարկները:

 

Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առևտրական գործունեություն ծավալող ընկերությունների համար շրջանառության հարկի 3.5 տոկոսը նվազել և դարձել է 1 տոկոս: Նախագծով կառավարությունը հարկային արտոնություններ է տրամադրել նաև ընտանեկան բիզնեսին: