Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ներկայացրեց «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխությունների վերաբերյալ խորհրդարանական խմբակցությունների և վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանդիպման մանրամասները:

 

Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում նա նախ հիշեցրեց, որ այդ հանդիպմանը նախորդել էր Հանրապետության նախագահի մոտ կայացած խորհրդակցությունը, որտեղ եղել էր հանձնարարություն, որպեսզի «Շրջանառության հարկի մասին» օրենքի համապատասխան դրույթը, որը վերաբերում էր փաստաթղթավորմանը, հետաձգվի մինչև հուլիսի 1-ը:

 

«Մենք կարևորում ենք «Շրջանառության հարկի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություները, քանի որ այն միտված է ապագային, սակայն քանի որ կան մտահոգություններ, օբյեկտիվ հարցադրումներ, որոշում կայացվեց հետաձգել օրենքի կիրառումը, կազմակերպել քննարկումներ, հասկանալ իրավիճակը, որպեսզի փոքր և միջին ձեռնարկությունների աշխատանքը չվտանգվի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտնեց Բաղդասարյանը:

 

Պատգամավորն ընդգծեց, որ փետրվարի 2-ին Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի նախաձեռնությամբ եղավ խորհրդակցություն, որին մասնակցում էր ՀՀ վարչապետը և խորհրդարանական բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները: «Քննարկման ընթացքում ձեռք բերվեց համաձայնություն, որ սեղմ ժամկետներում ներկայացվեն առաջարկներ, քննարկվեն բոլոր առաջարկները և հնարավորության սահմաններում միակարծիք լուծում տրվի խնդրին:

 

Եթե այդ քննարկումների արդյունքում միակարծիք որոշում չլինի, նորից յուրաքանչյուր քաղաքական ուժ կշարունակի իր քայլերը: Եղել է համաձա յնություն, որպեսզի մենք պարտադիր փաստաթղթավորման պահանջը հետաձգենք մինչև հուլիսի 1-ը, սակայն շատ սեղմ ժամկետներում խնդրին լուծում գտնվի»,- ընդգծեց Բաղդասարյանը:

 

 

Նրա խոսքով՝ խնդրի լուծմամբ առավել շահագրգռված է հենց կառավարությունը, քանի որ այս պայմաններով աշխատելու դեպքում ՀՀ պետական բյուջեն բավականին վնասներ է կրում: «Մեզ մեղադրում են, որ ուղղակի ձգձգում ենք, և միայն իրենք են շահագրգռված, որպեսզի խնդիրն արագ լուծում ստանա: Դրանք քաղաքական շահարկումներ են: Խնդրի լուծմամբ ավելի շատվ շահագրգռված է հենց կառավարությունը»,- հայտարարեց Բաղդասարյանը:

 

 

ՀՀԿ խմբակցույան ղեկավարը նշեց, որ բոլոր քաղաքական ուժերն արդեն ներկայացրել են օրենքում փոփոխությունների վերաբերյալ իրենց առաջարկները, որոնք արդեն քննարկման փուլում են: Բաղդասարյանը հիշեցրեց, որ հանրապետության վարչապետն այս պահին երկրում չէ: «Նա այսօր կվերադառնա, և, կարծում եմ, շուտով, հավանաբար, արդեն հաջորդ շաբաթվա ընթացքում կլինեն քննարկումներ, և քաղաքական ուժերը կհայտնեն իրենց կարծիքները»,- եզրափակեց Բաղդասարյանը:

 

 

Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագծով առաջարկվում էր մինչև 2015թ. հուլիսի 1-ը հետաձգել շրջանառության հարկի պարտադիր փաստաթղթավորման պահանջը, որը հարուցել էր բազմաթիվ քաղաքացիների դժգոհությունը: