Թուրքիայի Դերսիմ քաղաքում «Դերսիմցի հայերի եւ ալավիների բարեկամության միություն» (DERADOST) կազմակերպություն է ստեղծվել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական DemokratHaber լրատվական կայքը:

 

 

Նշվում է, որ միության ստեղծման նպատակը երկու հնագույն ժողովուրդների միմյանց ճանաչելն է, ինչը խաթարվել էր Հայոց ցեղասպանությունից հետո' հայտնի պատճառներով:

 

 

Կազմակերպության բացման արարողությանը մասնակցել են Դերսիմի փոխքաղաքապետ Հուսեին Թունչը եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Արարուղությանն ունեցած ելույթում DERADOST-ի քաղաքային բաժանմունքի ղեկավար Սերքան Սարըաթաշն ասել է. «Ավելի վաղ աշխատանքները տարվում էին Ստամբուլի կազմակերպությունում, սակայն, մտածեցինք, որ Դերսիմում աշխատելն ավելի արդյունավետ կլինի: Չէ՞ որ այստեղ երկու էթնիկ հնագույն ժողովուրդ կա' հայեր եւ ալավիներ: Միության նպատակը միմյանց լեզուն սովորելն ու իրար ավելի լավ ճանաչելն է», -ասել է նա:

 

 

Սերքան Սարըաթաշը նաեւ հայտնել է, որ ծրագրում են փաստագրական ֆիլմ նկարահանել Դերսիմի հայ եւ ալավի ժողովուրդների բարեկամության մասին, որի մի մասը պետք է նկարահանվի Երեւանում:

 

 

Դերսիմի ալավիների ակունքները գնում են իրանական մշակութային տարածք' միթրայականություն, ինչպես նաեւ դրա հայկական դրսեւորում' հայ հեթանոսություն: Հնագույն վարկածի համաձայն' Դերսիմը «արեւորդիների» ապաստանն է, իսկ Դերսիմի ալավիզմը հայ-իրանական յուրօրինակ համադրություն է: Դերսիմցի ալավիներն ու հայերը թուրքական բարբարոսության հարվածներ կրած ճակատագրական ընդհանրություններ ունեն:

 

Հայոց ցեղասպանությունից հետո «թուրքական մաքուր ցեղի» քաղաքականություն որդեգրած Աթաթուրքի անմիջական ցուցումով 1937-1938 թթ. Դերսիմում կոտորած սկսվեց : Թուրքական բանակի ուժային գործողությունների հետեւանքով, տարբեր հաշվարկներով, սպանվեցին 70-90 հազար քուրդ ալավիներ, ինչպես նաեւ Ցեղասպանությունից մազապուրծ հայեր, իսկ 12 հազար մարդ էլ ենթարկվեց բռնագաղթի:

 

 

Փաստեր կան, որ թուրքական զինուժը Դերսիմում 1937 թվականին ավիացիոն ռումբեր եւ թունավոր գազ է օգտագործել, ինչի համար Թուրքիայի նախկին վարչապետ, ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրապարակավ ներողություն է խնդրել:

 

 

Թուրքաբնակ ալավիները, որոնց թիվը ներկայիս Թուրքիայում հասնում է մոտ 20 մլն-ի, իրենց ինքնության պաշտոնական ճանաչման համար պայքարը սկսել են 1980-ական թվականներից:

 

 

Հայերի եւ ալավիների ընդհանուր շահը պահանջում է համատեղ պայքարել, որպեսզի ճանաչվեն համամարդկային այն ոճիրները, որոնց զոհերը դարձան իրենք: