Օտարերկրյա ջիհադիստները, որոնց թվում նաև՝ բրիտանացիները, Սիրիայում հայտնվում են Թուրքիայի միջոցով: Ինչպես նշում է Russia Today-ի ռուսական ծառայությունը' The Daily Telegraph-ին հղումով, լրտեսումից խուսափելու համար գրոհայինները որոշ ժամանակ թաքնվում են «Ալ-Կաիդայի» գաղտնի բնակարաններում: Դրանից հետո նրանց տեղափոխում են թուրք-սիրիական սահման:

 

Ըստ հոդվածի հեղինակների՝ թուրքական իշխանությունները ներկայում կորցրել են վերահսկողությունը իրավիճակի վրա կամ դիտավորյալ աչք են փակում ջիհադիստների ավելացող հոսքի վրա:

 

«Ամեն օր այստեղ են ժամանում տարբեր ազգությունների մոջահեդներ»,-ասել էհորդանանցի կամավորական Աբու Աբրուլրահմանը, ով կազմակերպում է գրոհայինների ժամանումը և մեկնումը: Հորդանանցին աշխատում է Թուրքիայի հարավում գործող ընդունող կենտրոնների հետ, որոնք հավաքագրում են կամավորներին, ովքեր ցանկանում են Սիրիայում միանալ «Ալ-Կաիդային»:

 

Գրոհայինների շարքում հայտնվելու համար յուրաքանչյուրը պետք է ապացուցի, որ «իսկական մուսուլման» է և լրտես չէ:

 

Սահմանամերձ շրջաններում գտնվող գաղտնի բնակարանները, սովորաբար, վարձակալում են կեղծ անուններով մարդիկ: Երբեմն կամավորները շաբաթներով սպասում են Սիրիա մեկնելուն: Այդ ընթացքում նրանք կարողանում են շփվել գրոհայինների հետ, ովքեր արդեն եղել են ճակատներում և հանգստանում են թուրքական տարածքում: