Այսօր տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ անհայտ անձինք առևանգել են ԲՀԿ-ական ակտիվիստ Արտակ Խաչատրյանին:

Նշենք, որ Արտակ Խաչատրյանը ՓՄՁ ներկայացուցիչների հետ ակտիվորեն մասնակցել է «Շրջանառության հարկի մասին» օրենքի վիճահարույց դրույթը կասեցնելու համար տեղի ունեցող բողոքի ակցիաներին:

 

 

Անհետանալու պատճառները պարզելու պահանջով Կառավարության շենքի մոտ էին հավաքվել ակտիվիստի համար մտահոգ մարդիկ, հարազատները, ԲՀԿ-ական պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Էլինար Վարդանյանը և Միքայել Մելքումյանը:

 

 

Քիչ առաջ Lurer.com-ի թղթակցի հետ զրույցում ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանի օգնական Արման Թաթոսյանն ասաց, որ ծանր վիճակում Արտակ Խաչատրյանին բերել են տուն.

 

 

«Ծեծված ջարդված, անգիտակից վիճակում բերել են տուն: Վիճակը բավականին ծանր է: Այս պահին շտապ օգնության աշխատակիցները  համապատասխան օգնություն են ցուցաբերում: Հավանաբար կտեղափոխվի Մալաթիայի հիվանդանոց»,- Արման Թաթոսյանը:

 

 

Նշենք, որ ավելի վաղ Արման Թաթոսյանը, լսելով Արտակ Խաչատրյանի առևանգման մասին լուրը, իր ֆեյսբուքյան էջում գրել էր.

 

 

 «Արտակ Խաչատրյանին առևանգել են դիմակավորված մարդիկ սև մեքենայով (հավաստի չի, բայց ոնց որ Աուդի), ուժով նստացրել են մեքենան, հետո հեռախոսը շպրտել են մեքենայից։ Մինչ էդ, հասցրել ա զանգի Վահան Բաբայանին, ինձ ինքն էր զանգել ու տեղյակ պահել։ Հեռախոսը մի աղջիկ էր գտել, որից իմացանք մանրամասները, բայց իրան դեռ չենք տեսել ու չգիտենք ով ա։ Հիմա Արտակի եղբոր հետ կենտրոնի ոստիկանությունում ենք։ Մնացածը՝ հետո»: