Մեծ Բրիտանիան Ուկրաինային զենք տրամադրելու մտադրություն չունի, սակայն կարող է վերանայել այդ որոշումը, եթե տարածաշրջանում իրավիճակը կտրուկ սրվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ինչպես տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը, այդ մասին ՄԹ արտաքին գործերի նախարար Ֆիլիպ Համոնդը հայտարարել է Sky News-ին տված հարցազրույցում: «Մենք ելնում ենք նր անից, որ Ուկրաինային զենքի մատակարարումն այս պահին իրավիճակի կարգավորման արդյունավետ ուղիներից չէ: Ներկա պահին Լոնդոնը կենտրոնացած է դիվանագիտական ճանապարհով խնդրի լուծման վրա և նման գործելաոճը շարունակելու է նաև հետագայում»,-նշել է նա:
Միաժամանակ, Համոնդի խոսքերով, եթե իրավիճակը սրվի, ՄԹ-ն պատրաստ է նորից վերսկսել բանակցությունները ուկրաինական բանակին զենք մատակարարելու հնարավորության մասին: «Մենք անընդհատ ուսումնասիրում ենք ստացվող ինֆորմացիան և իրավիճակի սրացման պարագայում մեզ իրավունք ենք վերապահում դրսևորել ցանկացած վերաբերմունք»,-ավելացրել է նա:
Համոնդը ընդունել է, որ չի հավատում որ ուկրաինական ճգնաժամը հնարավոր է լուծել ռազմական ճանապարհով: Նրա կարծիքով, Ուկրաինայի հարավ-արևելքում զինված հակամարտության շարունակումը ապակառուցողական է: «Անհրաժեշտ է իրավիճակից դուրս գալու քաղաքական ուղի գտնել»,-վստահ է նախարարը:
Նրա խոսքերով, Մոսկվային զսպելու կարևոր օղակ են համարվում պատժամիջոցները: «ՄԹ-ն շարունակելու է այդ հարցում գլխավոր դերակատարը լինել: Վաղ թե ուշ, տնտեսական իրավիճակը Ռուսաստանին կստիպի փոխել իր քաղաքականությունը»:
Այդ համատեքստում նախարարն անդրադարձել է ՌԴ-ին Ղրիմի միացման հարցին' հայտարարելով, որ 21-րդ դարում «քաղաքակիրթ երկրներն իրենց այդ կերպ չեն պահում»: «Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ իշխում է օրենքի գերակայությունը: Մենք ցանկանում ենք, որպեսզի Ռուսաստանը դառնա միջազգային այդ խմբավորման մի մասը, իսկ նրա տնտեսությունն ու քաղաքացիների կենսապայմանները գրանցեն այնպիսի աճ, ինչպիսին եվրոպական մյուս երկրներում է»,-հավաստել է Համոնդը: