Փետրվարի 9-ը նշանավոր հայ բանաստեղծ, քնարերգու, հասարակական-քաղաքական գործիչ Վահան Տերյանի ծննդյան օրն է: Տարին հոբելյանական է, քանի որ նշվում է Տերյանի ծննդյան 130-ամյակը:
Ավետիք Իսահակյանը նշել է. «Նա (Տերյանը) մի նոր գույնով, մի նոր ձայնով երգեց և՜ սերը, և՜ հայրենիքը, և՜ բնությունը: Նա թարմացրեց հայ պոեզիայի և՜ նյութը, և՜ լեզուն .... Նրա բանաստեղծություններից անվիճելի մի քանակ կմնան որպես հավերժական արժեքներ բոլոր ժամանակների համար, որպես մարդկային բյուրեղացած զգացմունքներ ու անխառն գեղեցկություններ»:
Վահան Տերյանը (իսկական ազգանունը՝ Տեր-Գրիգորյան) ծնվել է 1885 թվականին Գանձայում: Սովորել է Գանձայի ծխական, Ախալքալաքի քաղաքային դպրոցներում, այնուհետև՝ Մոսկվայի Լազարյան ճեմարանում: 1906-ին ընդունվել է Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրության ֆակուլտետը, մամուլում տպագրել իր առաջին բանաստեղծությունները: 1908-ին Թիֆլիսում լույս է տեսել Տերյանի առաջին՝ «Մթնշաղի անուրջներ» ժողովածուն: 1913–17-ը Տերյանը սովորել է Պետրոգրադի համալսարանի արևելագիտության ֆակուլտետում, հայագետ Նիկողայոս Մառի ղեկավարությամբ ուսումնասիրել հայագիտական առարկաներ, մասնակցել Վալերի Բրյուսովի կազմած «Հայաստանի պոեզիան հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը» անթոլոգիայի և Մաքսիմ Գորկու խմբագրած «Հայ գրականության ժողովածուի» պատրաստմանը:
1914 -ին բանաստեղծը Թիֆլիսում հանդես է եկել «Հայ գրականության գալիք օրը» ծրագրային զեկուցմամբ: 1917-ի վերջին Ռուսաստանի խորհրդային կառավարությանն է ներկայացրել «Թուրքահայաստանի մասին» դեկրետը և «Հայաստանի մասին» զեկուցագիրը: 1918-ին մասնակցել է Բրեստ-Լիտովսկի հաշտության բանակցություններին' որպես համառուսաստանյան ազգությունների ժողկոմխորհի' հայկական գործերի գծով խորհրդական: 1919-ի աշնանն արտգործժողկոմատի հանձնարարությամբ Տերյանը մեկնել է Միջին Ասիա, սակայն թոքախտով հիվանդ բանաստեղծը ճանապարհին' Օրենբուրգում վախճանվել է:
‚«Հայ գրականության մեջ իշխող գաղափարը, նրա հիմնական առաջմղիչ ուժը ազգային գոյության, ազգային անկախության գաղափարն է»,-մի առթիով ասել է Տերյանը, և առաջնորդվել այդ գաղափարախոսությամբ: