Մյունխենի անվտանգության հարցերով համաժողովի «Ուկրաինայից անդին. Չկարգավորված համակարտությունները Եվրոպայում» հատվածում ունեցած ելույթից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը խուսափել է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման վերաբերյալ հայկական կողմի ներկայացուցիչների հնչեցրած հարցերի ուղիղ պատասխանն երից:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայկական պատվիրակության անդամ Անդրանիկ Հովհաննիսյանի այն հարցին, թե Ադրբեջանն ընդունո՞ւմ է, արդյոք, Մադրիդյան փաստաթղթի Հիմնարար երեք սկզբունքները' ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման, ինքնորոշման իրավունքի եւ տարածքային ամբողջականության մասին, ինչը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները բազմիցս երկու կողմերին կոչ են արել ընդունել, Ալիեւը շփոթվել է հարցի ուղիղ ձեւակերպումից եւ ԼՂ կարգավորման միջազգային իրավունքի հիմնարար սկզբունք հանդիսացող ժողովուրդների ինքնորոշման իրավունքը ներկայացրել միջազգային հանրությանն արդեն հոգնեցրած խեղաթյուրված կերպ' այդպես էլ չնշելով' ի վերջո այդ սկզբունքներն անվերապահորեն ընդունում է, թե՞ ոչ:
Ալիեւին նեղ վիճակի մեջ է դրել նաեւ ԼՂ համակարտության խաղաղ կարգավորման հանձնառություններին Ադրբեջանի հավատարիմ մնալու մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահների մի քանի օր առաջ արած հայտարարության վերաբերյալ ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչության պետ Տիգրան Մկրտչյանի հնչեցրած ուղիղ հարցը եւ այն, որ Ադրբեջանը ՀՀ եւ ԼՂՀ սահմաններում միտումնավոր սրում է իրավիճակը' բանակցություններն արգելակելու համար: Տիգրան Մկրտչյանն Ալիեւին կոչ է արել դադարեցնել կրակոցները սահմաններին' նշելով, որ հակամարտության կարգավորումն սկսվում է, երբ դադարում են կրակոցները: «Չե՞ք կարծում, որ Ձեր գործողություններով դուք ավելի էք սրում իրավիճակը և այսպիսով Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորումն ավելի դժվար իրականանալի դարձնում մոտ ապագայում: Իմ կոչը Ձեզ հետևյալն է՝ դադարեցրե՛ք կրակոցները»,- ասել է Տիգրան Մկրտչյանը:
Հարցից բորբոքված եւ շփոթված Ադրբեջանի առաջնորդը սկսել է կրկին անհիմն մեղադրանքներ հնչեցնել միջազգային հանրության, հայկական սփյուռքի եւ ՀՀ հասցեին եւ խուսափել է պատասխանել նաեւ այդ հարցին ու կոչին:
Մյունխենի համաժողովի արդյունքների հետ կապված ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը Twitter-ի իր էջում մասնավորապես նշել է. «Մյունխենի անվտանգության կոնֆերանսում Ադրբեջանի նախագահը ներկայացրել է ինքնորոշման սկզբունքի մասին սեփական աղավաղված պատկերացումները»: Տիգրան Բալայանը շեշտել է, որ Ադրբեջանի նախագահը հրաժարվել է հավատարիմ մնալ ԼՂ համակարտության խաղաղ կարգավորման գործում ուժի կիրառումից կամ դրա կիրառման սպառնալիքից զերծ մնալու սկզբունքից: