ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ՄԻԵԴ-ի ներկայացուցիչ Աննա Մարալյանը, ով ՄԻԵԴ-ում իրականացնում է Նորք Մարաշ վարչական շրջանում «Զինված հանցախմբի» գործով ամբաստանյալ Վահան Շիրխանյանի պաշտպանությունը՝ տեղեկացրեց, որ երկու օր առաջ դատավոր Արմեն Բեկթաշյանը թույլ է տվել հանդիպել Շիրխանյանի հետ. «Ինձ տեղեկացրին, որ արդեն կարող եմ հանդիպել պարոն Շիրխանյանի հետ: Նույն օրը ես այցելել եմ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ և հանդիպել պարոն Շիրխանյանի հետ, երեկ նույնպես հանդիպել ենք, խոսել ենք գործի մասին: Մինչ այդ թույլ չէին տալիս, այժմ համապատասխան թույլտվության, փաստաթղթերի առկայության պայմաններում թույլ տվեցին տեսակցել»:
Պաշտպանը նշեց, որ այսօր չէին պլանավորել հանդիպում, քանի որ տեղի էր ունենալու դատական նիստը, որը սակայն չկայացավ՝ վկաների դատարան չներկայանալու պատճառով:
ՄԻԵԴ-ը Շիրխանյանի գործով մի քանի հարցեր է հղել Հայաստանի կառավարությանը: Մարալյանը նշեց՝ Հայաստանը Շիրխանյանի վերաբերյալ Եվրոպական դատարանի հարցերին պետք է պատասխանած լիներ երեկ՝ օգոստոսի 17-ին, սակայն դեռևս չի պատասխանել, որպեսզի իրենք հասկանան, թե հետագայում ինչ քայլերի պետք է դիմեն:
Անդրադառնալով Շիրխանյանի առողջական վիճակին, պաշտպանն ընդգծեց, որ վերջինիս առողջական վիճակում փոփոխություն չկա. «Նրա առողջական վիճակը գնալով ավելի է վատանում: Մեջքի ցավերը գնալով ուժեղանում են, ոտքերինը՝ նույնպես, և նա ի վիճակի չէ քայլելու»,- ասաց նա՝ ավելացնելով, որ Շիրխանյանը ևս մեկ անգամ պնդել է, որ պատշաճ բուժօգնություն չի ստանում:
Նշենք, որ Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ օգոստոսի 18-ին «Զինված խմբի» գործով դատական նիստը մեկնարկից անմիջապես հետո հետաձգվեց:
Հիշեցնենք, որ Վահան Շիրխնյանին և մյուսներին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի (Հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելը), 235-րդ հոդվածի 3-րդ (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, կատարվել են կազմակերպված խմբի կողմից) և 35-300-րդ հոդվածի 1-ին մասով (Իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն): Նշենք, որ դատարան է ուղարկվել այն անձանց գործը, որոնց մեղադրանքը հետագայում խստացվել էր:
Սոնա Հարությունյան