ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 9-ին ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին: Նախարար Նալբանդյանը ԵՄ հատուկ ներկայացուցչի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի զինուժի կողմից Արցախի հետ շփման գծում և Հայաստանի հետ սահմանին շեշտակի հաճախակիացած սադրիչ գործողությունների վրա:

 

«Անցյալ շաբաթվա վերջին՝ Մյունխենի անվտանգության համաժողովին, Ադրբեջանի նախագահի հրաժարումը՝ ընդունել միջնորդների կողմից առաջարկված միջազգային իրավունքի հայտնի երեք սկզբունքները՝ որպես հակամարտության կարգավորման հիմք, նրա արտահայտած դիրքորոշումները, վկայում են միջազգային հանրության կոչերի նկատմամբ արհամարանքի ու առավելապաշտական գծի շարունակման մասին»,- ընդգծել է նախարար Նալբանդյանը:

 

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Ադրբեջանը շարունակաբար մերժում է վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումների՝ հրադադարի ռեժիմի ամրապնդման, դիպուկահարների դուրսբերման, սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից արված առաջարկությունները, իր ապակառուցողական դիրքորոշմամբ արգելակում է բանակցային գործընթացի առաջընթացը:

 

ԵՄ հատուկ ներկայացուցիչը վերահաստատել է աջակցությունը ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին։