Հայ քաղաքագետն արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացում առաջընթացի խոչընդոտը համարում է Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումը: Մարտի 12-ին լրագրողներ հետ հանդիպմանը քաղաքագետ Նարեկ Գալստյանը նշեց, որ կարգավորման գործընթացն առկախված է, լուրջ տեղաշարժեր չեն նկատվել:
«Պատճառները մի քանիսն են: Ադրբեջանական կողմի դիրքորոշումը փոփոխության չի ենթարկվել, ավելին, Ադրբեջանը շարունակում է շանտաժի ենթարկել համանախագահ երկրներին, մի շարք իրադարձություններ են տեղի ունեցել, որոնք նվազեցրել են վստահությունը բանակցությունների նկատմամբ' մասնավորապես Սաֆարովի դեպքի (Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարած ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը Հունգարիայից Ադրբեջանին- խմբ.) հետ կապված: Ակնկալիքներ կային, որ ակտիվացում կլինի վերջին մեկ տարվա ընթացքում, համանախագահ երկրները իրենք են ցանկություն հայտնում գործընթացը մոտեցնել իր տրամաբանական ավարտին»,-նկատեց քաղաքագետը:
Գալստյանը կարծում է, որ Ուկրայինայի հետ կապված դեպքերը որոշակի անվստահություն ու նաև անորոշություն են մտցնում ԼՂ հիմախնդրի կարգավորման գործում' չնայած Արցախի հիմնախնդիրն ըստ էության կախում չունի այդ դեպքերից, սակայն, մասնավորապես համանախագահ երկրների տարաձայնությունները ուկրաինական հիմախնդրի կարգավորման հարցում կարող են բացասական անդրադառնալ արցախյան խնդրի կարգավորման գործընթացի վրա այն իմաստով, որ գործընթացը կարող է լուրջ տեղաշարժ չունենալ:
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի ներկա փուլը սկսվել է 1988թ., երբ ի պատասխան ԼՂ բնակչության ինքնորոշման պահանջի, ադրբեջանական իշխանությունները կազմակերպեցին հայ բնակչության կոտորածներ ու էթնիկ զտումներ Ադրբեջանի ողջ տարածքում, մասնավորապես' Սումգայիթում, Բաքվում եւ Կիրովաբադում: Լեռնային Ղարաբաղում վարած էթնիկ զտումների քաղաքականությունը վերաճեց Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից բացահայտ ագրեսիայի եւ լայնածավալ ռազմական գործողությունների ինչը հանգեցրեց տասնյակ հազարավոր զոհերի եւ զգալի նյութական կորուստների: