Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն Ստեփան Սաֆարյանը ռացիոնալ է համարում ՀՅԴ դիրքորոշումը սահմանադրական բարեփոխումների և կառավարման խորհրդարանական մոդելին անցնելու վերաբերյալ: Մարտի 9-ին լրագրողների հետ հանդիպմանը քաղաքագետը նշեց, որ ՀՅԴ-ն Հայաստանի միակ կուսակցությունն է, որն ընդգծված լիդեր չունի: «Դաշնակցությունը անձնակենտրոն քաղաքական ուժ չէ, իսկ նման կուսակցության համար կարևոր են այն պայմանները, որտեղ կուսակցությունը կունենա ավելի մեծ դերակատարում, իսկ դա կառավարման խորհրդարանական մոդելն է:
Այսինքն՝ խորհրդարանական կառավարումը հենց ՀՅԴ-ի նման կուսակցությունների համար է: Դրա համար ես միանգամայն հասկանում եմ, թե նրանք ինչու են կողմ սահմանադրական բարեփոխումներին և ինչու են ցանկանում անցում կատարել կառավարման խորհրդարանակա ն համակարգին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Սաֆարյանը:
Նա ևս մեկ անգամ ընդգծեց, որ ՀՅԴ-ն ընդգծված լիդեր չունի և կարող է սեփական թեկնածուն չունենալ 2018թ. նախագահական ընտրություններում: «Հենց անհետաքրքրությունն այդ պաշտոնի նկատմամբ նրանց ստիպում է կողմնակից լինել համակարգի փոփոխություններին, քանի որ նրանք ցանկանում են, որպեսզի կուսակցություններն ավելի մեծ դերակատարում ունենան, քան նախագահի պաշտոնը զբաղեցնողը: Հետևաբար, ես հասկանում եմ, թե ինչու են նրանք այդ դիրքորոշումը որդեգրել»,- մանրամասնեց քաղաքագետը: Սաֆարյանը կարծիք հայտնեց, որ, ի տարբերություն այլ քաղաքական ուժերի, ՀՅԴ-ի &la quo;խաղը» մի փոքր այլ հարթության մեջ է:
Ասուլիսին ներկա մյուս բանախոսը՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանն էլ այն կարծիքին է, որ վերջին քաղաքական զարգացումների ընթացքում ՀՅԴ-ի դիրքորոշումը կապված է նաև այն բանի հետ, որ այդ կուսակցությունն ամենաշահագրգռվածն է, որպեսզի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներն անցնեն հանգիստ, առանց ցնցումների: