Շոտլանդիայի անկախացումը Միացյալ Թագավարության կազմից քաղաքական տեսանկյունից երկարաժամկետ հեռանկարում կարող է ազդել նոր պետությունների ձևավորման և ինքնորոշման գործընթացի վրա: Սակայն իրավական առումով այն ոչ մի ազդեցություն չի ունենա Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' սեպտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը' միաժամանակ նկատելով, որ խնդիրն ավելի շատ քաղաքական, քան իրավական լուծում ունի:

 

«Առանձնացված պետություններից գրեթե բոլորը մեկ այլ պետության կազմից անկախացել են այդ երկրի օրենքներին հակառակ: Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման համար անհրաժեշտ է, որ Ադրբեջանն այն ճանաչի: Պատմության մեջ օրինակներ կան, երբ կենտրոնական իշխանությունն իր համաձայնությունն է տվել պետության որոշակի հատվածի առանձնանալուն: Այդպես բաժանվեցին Չեխոսլովակիան, Հարավսլավիայի մի շարք պետություններ, Սինգապուրը և Մալայզիան և վերջապես Խորհրդային միությունը:

 

Շոտլանդիայի անկախացումով Լեռնային Ղարաբաղի հարցում ոչինչ չի փոխվի: Այդ ենթատեքստում ավելի ճիշտ կլինի դիտարկել համարժեք դեպքերը, ինչպիսիք են Կոսովոն, Թայվանը, Հյուսիսային Կիպրոսը»,- պարզաբանեց Իսկանդարյանը: