Ուկրաինայում ծավալվող իրադարձությունները Արևմուտքի և Ռուսաստանի միջև նոր սառը պատերազմի վկայություն են: Հնարավոր է, որ Ուկրաինան բաժանվի երկու մասի՝ արևմտյան և արևելյան: Այդ մասին փետրվարի 20-ին հրավիրված ասուլիսում նշեց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար քաղաքագետ Արա Պապյանը: Նա խոսեց ուկրաինական իրադարձությունների' ռուսական և արևմտյան մամուլում առկա դատապարտումների իրարամերժության մասին: Պապյանի կարծիքով, նոր սառը պատերազմ է սկսվում Արևմուտքի և Ռուսաստանի միջև:

 

«Ուկրաինան դարձել է պայքարի այն կիզակետը, որտեղ Արևմուտքն ու Ռուսաստանը պաշտպանում են իրենց շահերը: Երկու կողմերի համար էլ պարզ է, որ Ուկրաինայի ճակատագրից շատ բան է կախված»,-  ասաց Պապյանը՝ հավելելով, որ Ուկրաինայից է կախված ռուսական կայսրության հետագա հզորացումը:

 

Նրա կանխատեսմամբ, դիմակայությունն այդ երկրում հեշտ մարող չէ, որովհետև Ուկրաինայում հասարակությունը պառակտված է երկու մասի, նաև' աշխարհագրորեն: Նա հավանական է համարում Ուկրաինայի տրոհումը երկու մասի: Նրա խոսքով՝ Արևմուտքն ու Ռուսաստանը լավ են հասկանում, որ իրենք չեն կարող ունենալ միասնական ռուսամետ կամ արևմտամետ Ուկրաինա: «Դա ավելի ճիշտ լուծում կլինի, քան երկիրը ներքաշվի քաղաքացիական պատերազմի մեջ: Ի վերջո, եթե երկիրը պետք է տրոհվի, ավելի լավ է դա անել անարյուն»,- նշեց Պապյանը:

 

Ուկրաինայում անցյալ տարվա նոյեմբերից ԵՄ հետ Ասոցացման պայմանագիրը ստորագրելու պահանջով մեկնարկած ցույցերը հետագայում վերաճեցին լայնամասշտաբ խռովությունների ու անկարգությունների: Փետրվարի 18-19-ին Կիևի Մայդանում հանրահավաքի մասնակից տարբեր խմբավորումների ներկայացուցիչների և իրավապահների միջև ծավալված բախումներում զոհվել է շուրջ 3 տասնյակ մարդ: