Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատար գեներալ Ֆիլիպ Բրիդլավը հայտարարել է, թե հավանական չի համարում ռուսական զորքերի մուտքն Ուկրաինայի արեւելյան շրջաններ, տեղեկացնում է BBC-ն:

 

«Չեմ կարծում, որ դա գործողությունների առավել հավանական ընթացքն է... Նախագահ Պուտինը կարող է Ուկրաինայի արեւելքում իր նպատակներին հասնել սահմանից այն կողմ զորքեր չուղարկելով»,- ասել է գեներալը Օտտավայում սպառազինությունների հարցերին նվիրված խորհրդաժողովում:

 

Գեներալ Բրիդլավի խոսքով՝ Ռուսաստանի հատուկ ծառայություններն անկարգություններ են հրահրում Ուկրաինայի արեւելքում: Նա այն կարծիքին է, որ Մոսկվան հնարավորություններ ունի ապակայունացնելու Ուկրաինայի իրադրությունը:

 

Մինչդեռ Ռուսաստանի իշխանությունները ժխտում են իրենց մասնակցությունն Ուկրաինայի արեւելքում տեղի ունեցող հուզումներին:

 

Իսկ նախօրյակին Եվրամիության անդամ 28 երկրների դեսպանները Բրյուսելում կայացած հանդիպմանը համաձայնության չեն եկել Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու նպատակահարմարության շուրջ: Այդ մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել է ԵՄ-ի Խորհրդի մամուլի ծառայության աշխատակիցը: «Աշխատանքը կշարունակվի»,- հավելել է նա:

 

Դիվանագետների խնդիրն է՝ միջանկյալ որոշում ընդունել Մոսկվայի նկատմամբ նոր սահմանափակիչ միջոցներ ձեռնարկելու նպատակահարմարության վերաբերյալ, որն այնուհետեւ կքննարկվի ԵՄ-ի ԱԳ նախարարների մակարդակով: Նրանք մայիսի 12-ին արտահերթ հանդիպման են հավաքվելու Բրյուսելում: