ՆԱՏՕ-ի եւ Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչները չեն հաստատում Ուկրաինայի սահմաններից ռուսական զորքերի հետքաշման վերաբերյալ ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի արած հայտարարությունը: «Մենք ոչ մի տվյալ չունենք այն բանի վերաբերյալ, որ Ուկրաինայի սահմանի երկայնքով զորքերի դիրքերը փոխվել են»,- Reuters գործակալությանն ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայացուցիչը: ՆԱՏՕ-ի տվյալներով՝ վերջին շաբաթներին սահմանային շրջանում է գտնվում ռուսական զորքերի 40-հազարանոց խմբավորումը:

 

Մայիսի 7-ին Պուտինը, ամփոփելով ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Շվեյցարիայի նախագահ Դիդիե Բուրկհալտերի հետ Մոսկվայում կայացած հանդիպման արդյունքները, հայտարարել է. «Մեզ շարունակ ասում էին, որ անհանգստացած են Ուկրաինայի սահմանների մոտ մեր զորքերի ներկայությունից: Մենք դրանք հետ ենք քաշել, նրանք այսօր գտնվում են ոչ թե Ուկրաինայի սահմանին, այլ այն վայրերում, որտեղ անցկացնում են իրենց կանոնավոր վարժանքները՝ զորափորձարաններում»:

 

Պուտինը նաեւ կոչ է արել ուղղակի լիարժեք երկխոսություն հաստատել Կիեւի ներկայիս իշխանությունների եւ Ուկրաինայի հարավ-արեւելքի բնակիչների միջեւ: Նրա խոսքով՝ Ռուսաստանը խնդրում է ֆեդերալացման կողմնակիցներին հետաձգել մայիսի 11-ին նշանակված հանրաքվեն, որպեսզի հնարավոր լինի լիարժեք պայմաններ ստեղծել դրա անցկացման համար: