Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատար գեներալ Ֆիլիպ Բրիդլավը հայտարարել է, որ չի կարող հաստատել Դոնբասում շփման գծից սպառազինությունների հետքաշումը: Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին:

 

Մարտի 8-ին հաղորդվել է, որ ԵԱՀԿ-ի դիտորդների վերահսկողության ներքո տեղի է ունեցել Դոնբասի շփման գծից ուկրաինական ուժայինների սպառազինությունների հետքաշման չորրորդ փուլը: Մինսկի վերջին պայմանավորվածությունների համաձայն՝ Ուկրաինայի հակամարտող կողմերը փետրվարի վերջից ձեռնամուխ են եղել ծանր սպառազինությունների հետքաշմանը և Դոնբասում անվտանգության գոտու ստեղծմանը:

 

«Այժմ մենք չենք կարող հաստատել զորքերի դուրսբերումը: Մենք տեսնում ենք շփման գծի երկու կողմում ծանր հրետանու տեղաշարժը: Բայց մենք չգիտենք՝ ինչ է տեղի ունենում հրետանու հետ այդ գծի արևելյան ուղղությամբ, որովհետեւ ԵԱՀԿ-ի դիտորդներին թույլ չեն տալիս գնալ այնտեղ: Ուստի մենք տեսնում ենք, որ դրանք այնտեղ շարժվում են, բայց չգիտենք՝ դրանք հետ են տարվում, թե պարզապես փոխում են դիրքը՝ պատրաստվելով նոր բախման»,- ասել է Բրիդլավը ուկրաինական «1+1» հեռուստաալիքին տված հարզազրույցում: