Ռուսաստանը հակամարտության ընթացքում Արևելյան Ուկրաինայում տեխնիկա է տեղակայել, որը կարող է միջուկային մարտագլխիկներ տեղափոխել: Այս մասին հինգշաբթի հայտնել է Bloomberg-ը՝ վկայակոչելով ՆԱՏՕ-ի եվրոպական ուժերի հրամանատար, ամերիկացի գեներալ Ֆիլիպ Բրիդլավին:

 

Միևնույն ժամանակ նշվում է, որ ԱՄՆ ռազմաօդային ուժերի գեներալ Բրիդլավը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ «ուղղակի ապացույցներ» չկան, որ Կրեմլը միջուկային զենք է տեղակայել: «Սակայն դա չի նշանակում, որ դա տեղի չի ունեցել»,- հավելել է զինվորականը:

 

«Շատ համակարգեր, որոնք Ռուսաստանն օգտագործում է, երկակի նշանակության համակարգեր են հանդիսանում. դրանք կարող են լինել սովորական կամ միջուկային»,- ասել է Բրիդլավը:

 

Ինչպես ընդգծել է հրամանատարը, հրադադարի ժամանակ, ըստ Մինսկի պայմանավորվածությունների, Ռուսաստանը «լրացրել և հարստացրել է ուժերը» Ուկրաինայի արևելքում:

 

Գեներալը նշել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը կարիք չունի որևէ այլ կերպ փոխել միջուկային ռազմավարությունը: