ՆԱՏՕ-ն պլանավորում է Սեւ ծովում անվտանգությունն ապահովել Ռումինիայում համալրված բազմազգ բրիգադի ուժերով, որի մեջ մտնում են միայն դաշինքի երկրների ստորաբաժանումների զինվորականները: Այդ մասին վրացական «Ռուսթավի-2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գյոթեմյուլլերը:
«Այս փուլում մենք չենք պլանավորում ՆԱՏՕ-ի ուժեր տեղակայել վրացական նավահանգիստներում: Մենք իսկապես գնահատում ենք Վրաստանի հետ փոխհարաբերությունները Սեւծովյան տարածաշրջանի անվտանգության համատեքստում այն առումով, որ Վրաստանն ավելի տեղեկացված է եւ դաշինքին տեղեկատվություն է տրամադրում այս տարածաշրջանի վերաբերյալ:
Մենք ուշադրություն ենք դարձնում Սեւ ծովի ավազանում ՆԱՏՕ-ի ուժերի ներկայության ուժեղացման վրա: Դա նշանակում է, որ, օրինակ, Ռումինիան գլխավորում է բազմազգ բրիգադը, որի մեջ մտնում են Ռումինիայի, Բուլղարիայի, Թուրքիայի եւ ՆԱՏՕ-ի այլ երկրների զինծառայողներ»,- ասել է Գյոթեմյուլլերը՝ ամփոփելով ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի՝ մայիսի 29-ին անցկացված նստաշրջանի արդյունքները, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: