Կրեմլում հաստատել են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է ընդունել ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիին, որը պլանավորում է հաջորդ շաբաթ այցելել Մոսկվա, տեղեկացնում «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին:

 

«Ամենայն հավանականությամբ կկայանա պետքարտուղար Քերիի ուղևորությունը Մոսկվա, որտեղ նա շփումներ կունենա Ռուսաստանի իր պաշտոնակցի՝ Լավրովի հետ: Դիտարկվում է նաև Ռուսաստանի նախագահի հետ Քերիի հանդիպման հնարավորությունը»,- լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

 

Նա ընդգծել է, որ «ռուսական կողմը պատրաստ կլինի քննարկել առավել հրատապ հարցերը, նախևառաջ Սիրիայի իրադրությունը և խաղաղ կարգավորման գործընթացի առաջմղման ուղղությամբ մեր համատեղ ջանքերի կոորդինացումը»:

 

«Անտարակույս, Մոսկվայում պատրաստ կլինեն նաև կարծիքներ փոխանակել Ուկրաինայի կողմից Մինսկի համաձայնությունների կատարման, իսկ ավելի ստույգ՝ չկատարման ընթացքի շուրջ»,- ասել է Պեսկովը:

 

Նախօրյակին Քերին հայտարարել է, որ եկող շաբաթ մտադիր է այցելել Մոսկվա՝ քննարկելու Սիրիայի իրադրության քաղաքական կարգավորմանը վերաբերող հարցերը: