ՀՀ վարչապետի հրաժարականը ոչ թե իշխանական ճամբարի ճգնաժամի արդյունքն է, այլ քաղաքական վերադասավորումների, քաղաքական դաշտում փոփոխություններ բերելու ցանկությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում քաղաքական իրավիճակի զարգացումներն այսպես մեկնաբանեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: «Այս փուլում ակնհայտ է, որ, եթե որոշման պատճառը ճնշումները չեն, ուրեմն քաղաքական վերադասավորումների, քաղաքական դաշտում փոփոխություններ բերելու ցանկությունն է: Հետևաբար, խոսել նրա մասին, որ սա իշխանական ճամբարի ճգնաժամի հետևանքն է, սխալ կլինի: Պարզապես այս պահի դրությամբ ամեն ինչ ենթադրությունների մակարդակում է»,-ասաց քաղաքագետը' նշելով, որ պետք է սպասել առաջիկա օրերին, երբ արագ պարզ կդառնան փոփոխությունների տրամաբանությունն ու մասշտաբները:
Հարցին, թե քաղաքագետը վարչապետի հավանական թեկնածուի ինչ կանխատեսումեր ունի' նշեց, որ առայժմ զերծ կմնա նման կանխատեսումներից: «Ես համոզված եմ մի բանում, որ վարչապետի հրաժարականը անակնկալ չէր երկրի բարձրագույն իշխանության, ինչպես նաև իշխող Հանրապետական կուսակցության համար: Նշանակում է, որ ինչ-որ փոխարինող տարբերակներ արդեն մտածված պետք է որ լինեն: Չեմ կարծում, որ ամեն ինչ հանգելու է խորհրդարանական ներկայացուցիչների հետ քննարկումներին կամ այլ ուժեր հնարավորություն կունենան օգտագործել այս առիթն իրենց համար ցանկալի թեկնածուներ առաջ» քաշելու և այդ պաշտոնում հաստատելու համար»,-նշեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը' ավելացնելով, որ զարգացումները կընթանան այն ծրագրով, որը դրված է ՀՀ նախագահի սեղանին:
Խոսելով ոչ իշխանական չորս ուժերի ակնկալվող ծրագրերի մասին' քաղաքագետ նշեց, որ նրանք ստիպված կլինեն վերակազմակերպել իրենց ծրագրերը, որոնք շեղվեցին վարչապետի հրաժարականով: «Այդ ուժերը հիմա պետք է որ փաստեն, թե հաջողության են հասել, քանի որ վարչապետի հրաժարականի հարցն արդեն իսկ իրենց քաղաքական օրակարգում էր, բարձրացնողներն իրենք էին: Նախորդ զարգացումների փորձը ցույց է տալիս, որ ընդդիմադիր ուժերը փորձում են երկրում տեղի ունեցող ցանկացած փոփոխություն պայմանավորել իրենց գործոնով: Այսինքն' մենք էինք, որ սպառնացինք, գործընթացներ սկսեցինք ու հասանք հաջողությունների»,-ասաց նա:
Հրանտ Մելիք-Շահնազարյանի խոսքով' այժմ քառյակը պետք է բարձրացնի ավելի համակարգային, ավելի խոշոր փոփոխությունների խնդիր: «Իմ կարծիքով' դա այն հարցն է, որը նրանց այդքան հեշտ չի տրվելու: Եթե վարչապետի հրաժարականի պահանջի դեպքում այդքան երկար բանակցելուց հետո կարողացան հասնել այդ մակարդակի որոշման, արդեն թվում է, որ դա համագործակցության պիկն էր: Այսինքն' կարծում եմ' նրանք հույս ունեին մի քանի ամիս իրենց պահանջով քաղաքական կապիտալ հավաքել: Բայց հիմա պետք է հնարավորինս շուտ վերակազմակերպեն իրենց ծրագրերը, ինչն իմ կարծիքով այս իրավիճակում այնքան էլ իրատեսական չէ: ՀԱԿ-ի և ընդդիմադիր դաշտի մյուս ուժերի հետ ավելի խորը համագործակցության, կոնկրետ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, պատրաստ չէ»,-եզրափակեց քաղաքագետը:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, որն ընդունվել է Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի կողմից: Տիգրան Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել դեռևս մեկ ամիս առաջ, սակայն, հաշվի առնելով, որ ընթանում էին Մաքսային միությանն անդամակցության շուրջ բանակցությունները, ՀՀԿ միջազգային տնտեսական կոնֆերանսի նախապատրաստական աշխատանքները, ՀՀ նախագահը նրան խնդրել է շարունակել կատարել իր պարտականությունները:
ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի համաձայն' հանրապետության նախագահը վարչապետ է նշանակում կառավարության հրաժարականի ընդունումից հետո՝ տասնօրյա ժամկետում: Կառավարությունը կազմավորվում է վարչապետի նշանակումից հետո' քսանօրյա ժամկետում: