«Թուրքը՝ ով փրկեց իմ տատիկին» թեզի առաջադրումը ցուցադրական նախաձեռնություն է, որն ամբողջությամբ հաշվարկված է որպես շոու, և չի ունեցել մասնագիտական մոտեցում: Նմանատիպ կարծիք լրագրողների հետ հանդիպման ընթացքում արտահայտեց «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:
«Ցանկացած երևույթ գնահատելու համար պետք չէ այն մեկուսացված դիտարկել, այլ պետք է դիտարկել դրա դրդապատճառները: Օրինակ՝ այդ փրկված կանանց մեծ մասին դարձել են սեքսուալ ստրուկ: 12-13 տարեկան աղջկան 40-անց տարեկան մարդը տարել է որպես իր կին:
Կամ, եթե երեխան տղա է եղել, նրա տարել են որպես աշխատուժ, այնուհետև թուրքացրել կամ քրդացրել են: Այդ երեխաները որպես հայ չեն մեծացել, իսկ Ցեղասպանության մասին կոնվենցիան հստակորեն ասում է, որ մեկ էթնիկ կամ կրոնական խմբի երեխաների փոխանցումը այլ խմբին արդեն ցեղասպանություն է: Դա ցեղասպանության դրսևորումներից մեկն է», - ասաց Արա Պապյանը:
Քաղաքագետի խոսքով՝ երբ ամերիկացիները «Մեկ ոսկի, մեկ կյանք» ծրագրի շրջանակներում ստրկությունից գնում էին հայերի, քրդերն ու թուրքերը ավելի հետաքրքրվեցին հայերին գողանալու հարցում' որոշակի ժամանակ շահագործելով և ամերիկացիներին վաճառելով: «Հետևաբար եղել են բացառիկ և քիչ դեպքեր, երբ իսկապես թուրթերը փրկել են հայերի:
Շատ են եղել դեպքեր, երբ ծնողները օրը երեսուն ոսկի են վճարել, որպեսզի երեխային թուրքերը կամ քրդերն իրենց մոտ պահեն, մինչև իրենք վերադառնան երեխայի հետևից: Այդպիսով նրանք ուղղակի ծառայություն են մատուցել և օգտվել դիմացինի անպաշտպան վիճակից», - նկատեց Արա Պապյանը:
Իսլամի օրենքներով' այլադավան կանանց և երեխաներին թույլ է տրվում պահել մուսուլմանների մոտ, սակայն շատ հայ տղամարդիկ ցեղասպանության օրերին ևս մուսուլմանացան՝ փրկվելու նպատակով: Ազգերի լիգայի տվյալների համաձայն' 20-ական թվականներին 250 հազար հայ իսլամ է ընդունել, որոնց կեսը ամերիկացիների շնորհիվ հետ են վերադարձվել, իսկ երկրորդ կեսը արդեն մերվել էին, կամ արդեն երկու-երեք երեխա ունեին քրդից կամ թուրքից և չէին կարող թողնել իրենց երեխաներին: