Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ճիշտ է համարում միգրացիոն ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ մինչ այժմ ձեռնարկված միջոցները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նա փետրվարի 28-ի երեկոյան հայտարարել է ARD հեռուստաալիքի եթերում:

 

Պատասխանելով հաղորդավարի հարցին՝ հարկավոր չէ արդյոք փոխել քաղաքականությունը, Մերկելը պատասխանել է. «Ոչ: Որովհետև ես խորապես համոզված եմ, որ մեր բռնած ուղին ճիշտ է»: Կանցլերը նաև հայտարարել է, որ ինքը միգրացիոն ճգնաժամի հաղթահարման ոչ մի այլ ծրագիր չունի:

 

«Խնդրի լուծման համար ժամանակ է անհրաժեշտ: Ես հասկանում եմ, որ շատ մարդիկ անհամբեր են: Այո, սա դժվարին ուղի է,- ասել է կառավարության ղեկավարը:- Սա մեր պատմության շատ կարևոր փուլն է»: Ընդսմին նա նշել է, որ «խնդիրները հարկավոր է լուծել այնպես, որ մենք պահպանենք մեր արժեքները»:

 

Միևնույն ժամանակ ոչ ոք չպետք է կարծի, որ «սահմանների միակողմանի փակումը կլուծի խնդիրը»,- ասել է Մերկելը: Նա նաև նշել է, որ ԵՄ-ն չի կարող բախտի քմահաճույքին թողնել Հունաստանին՝ Աթենքին միայնակ թողնելով փախստականների ներհոսքի դեմ պայքարում:

 

Կանցլերն ասել է, որ «սերտ շփում» է պահպանում Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հետ:

 

Մերկելը նախազգուշացրել է միակողմանի միջոցառումներից և ԵՄ-ի ներսում ազգային սահմանների փակումից: «Դա հենց այն է, ինչից ես այժմ վախենում եմ: Դա իմ Եվրոպան չէ»,- ընդգծել է Մերկելը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: