ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ավագ քննիչի կողմից հարուցվել է քրեական գործ՝ Գյումրիի բնակիչ, 24-ամյա Ժենյա Սարիբեկյանի մահվան դեպքի առթիվ։ 2015 թվականի փետրվարի 8-ին՝ ժամը 16:40-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ Գյումրիի Չարենցի փողոցի շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է նույն տան 24-ամյա բնակչուհու դին։

 

Ահազանգի հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, գեղարվեստի ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի Ժենյա Սարիբեկյանն ինքնասպանություն է գործել տանը՝ հյուրասենյակի կահույքից գլխաշորով կախվելու միջոցով: Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

 

Նկատի ունենալով, որ նյութերն առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ նույն օրը քննիչի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը)։

 

Քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ աղջկա մահվան հանգամանքները լիարժեք բացահայտելու ուղղությամբ։