ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը փետրվարի 9-ին ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հերբերթ Սալբերի գլխավորած պատվիրակությանը:

 

Հանդիպման հիմնական նպատակն էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում տեղի ունեցող զարգացումների շուրջ կարծիքների փոխանակումը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Սեյրան Օհանյանը զրուցակցին ներկայացրել է շփման գծում տիրող իրավիճակը' Եվրամիության պատվիրակի ուշադրությունը հրավիրելով տարեսկզբից ի վեր լարվածության կտրուկ աճի և միջազգային հանրության կողմից ադրբեջանական զինված ուժերի նախահարձակ գործողությունները զսպելու անհրաժեշտության վրա:

 

ՀՀ պաշտպանության նախարարը նաև վերահաստատել է հակամարտող կողմերի միջև շփման գծում վստահության ամրապնդման միջոցառումների կյանքի կոչման կորևորությունը:

 

 

Մտահոգության հայտնելով առաջնագծում տեղի ունեցող պատահարների հաճախակիացման կապակցությամբ' Հերբերթ Սալբերն իր հերթին նշել է, որ Եվրամիությունը ընդունում է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջատար դերը և պատրաստ է հնարավորության սահմաններում ներդրում կատարել այս ձևաչափով բանակցային գործընթացում: