ԱՄՆ-ի բարեգործների թոփ-50-ը 2014 թվականին նվիրաբերել Է 9,8 մլրդ դոլար՝ 27,5 տոկոսով ավելի, քան 2013 թվականին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Chronicle of Philanthropy թերթում հրապարակված նոր հետազոտության մեջ:

 

 

Տասն ամենաառատաձեռն ֆիլանտրոպներն ընդհանուր առմամբ բարեգործությանը նվիրել են ամբողջ գումարի 64 տոկոսը՝ 6,2 մլրդ դոլար: Բարեգործների թոփ-10-ում տեղ են գտել այնպիսի հայտնի դեմքեր, ինչպիսիք են Microsoft-ի հիմնադիրներ Բիլ Գեյթսը եւ Պոլ Ալենը, Նյու Յորքի նախկին քաղաքագլուխ եւ Bloomberg գործակալության սեփանակատեր Մայքլ Բլումբերգը, ինչպես նաեւ Google-ի համահիմնադիր Սերգեյ Բրինը:

 

 

50 առաջատար բարեգործներից 12-ը բարձր տեխնոլոգիաների ոլորտից են, 11-ը՝ ֆինանսական, 3-ը՝ անշարժ գույքի բնագավառից, իսկ 4-ն իրենց կարողությունը ժառանգել են: Բարձրտեխնոլոգիական բնագավառի մարդասերները նվիրաբերել են բոլոր միջոցների 47 տոկոսը: Նրանցից երեքը դեռ 40 տարեկան Էլ չկան, եւ յուրաքանչյուրը տարբեր հիմնադրամների տվել Է ավելի քան 500 մլն դոլար:

 

 

Թոփ-50-ի ֆիլանտրոպների միջին տարիքը 73 Է: Ամենատարեցը նախկին բանկիր Դեւիդ Ռոքֆելլերն Է (99 տարեկան), իսկ ամենաերիտասարդը՝ Napster ֆայլափոխանակիչի հիմնադիր Շոն Փարկերը (35 տարեկան):

 

 

Ինչպես նշում Է «Ինտերֆաքս»-ը, ցուցակը ներառում Է միայն դրամական միջոցների հանձնման նոր պայմանավորվածությունները: Համապատասխանաբար, ամերիկացի ֆիլանտրոպներից շատերը տեղ չեն գտել այս ռենկինգում. օրինակ, Ուորեն Բաֆեթը՝ Bill & Melinda Gates Foundation-ին արած իր 30-միլիարդանոց նվիրատվությամբ, քանի որ այդ գումարը նա խոստացել Էր փոխանցել դեռ 2006 թվականին: