Ռուսաստանից կապիտալի զուտ արտահոսքը 2014 թվականին, ամենայն հավանականությամբ, կգերազանցի 90 միլիարդ դոլարի ընթացիկ կանխատեսումը և ավելի մոտ կլինի նախորդ կանխատեսմանը, որը հավասար էր 100 մլրդ դոլարի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Անդրեյ Կլեպաչը:
«Կապիտալի արտահոսքը (կիսամյակի ընթացքում) մեր կանխատեսածից ավելի ուժեղ է և ավելի մոտ է նախնական գնահատականներին (100 մլրդ դոլար): Ամբողջական պատկերն ունի ԿԲ-ն: Բայց առայժմ, ըստ մեր գնահատման, կապիտալի արտահոսքն ավելի ուժեղ կլինի (90 մլրդ դոլարի ընթացիկ կանխատեսումից),- ասել է Կլեպաչը:
Տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը հուլիսի 7-ին հրապարակել էր նախարարության նախնական գնահատականը, ըստ որի ՌԴ-ից կապիտալի զուտ արտահոսքը 2014 թվականի առաջին կիսամյակում կազմել է մոտավորապես 80 մլրդ դոլար: