Նոր զելանդաՍամուել Ֆորեսթը, ով մեղադրել էր իր կնոջը՝ Ռուզան Բադալյանին, Դաունի համախտանիշ ունեցող իրենց երեխային լքելու համար, նախկինում ևս ամուսնացած է եղել և ունեցել է չորս երեխա: Նրա կրտսեր դուստրը, ում նա չի տեսել 2011 թվականից, ևս տառապում է նույն սինդրոմով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հրապարակում է արել բրիտանական Daily Mail -ը:
Ֆորսեթը, ով իր նախկին կնոջ և երեխաների հետ բնակվել է Վանգանուիում՝ Նոր Զելանդիայի հյուսիսային կղզում, դաստիարակվել է որպես «Բացառիկ միաբանություն» եկեղեցու անդամ: Նա հեռացվել էր այդ եկեղեցուց, երբ բաժանվել էր կնոջից և նրան արգելվել էր տեսակցել իր չորս երեխաներին, ովքեր այժմ 6-15 տարեկան են:
Եկեղեցին լքելուց հետո ուղարկած էլեկտրոնային նամակներում Ֆորեսթը պարբերաբար նշել էր, որ «կորցրել է չորս անմեղ երեխաների» և մեղադրել էր «Բացառիկ միաբանություն» եկեղեցուն «ընտանիքը մտադրված քանդելու համար»: Daily Mail -ի աղբյուրը նշել է, որ Ֆորեսթի նախկին ընտանիքի անդամները ևս նույն եկեղեցու ներկայացուցիչներ են, և նրանց կրոնը մինչև հիմա արգելում է վերջիններիս որևէ շփում ունենալ Ֆորեսթի հետ: «Սա պատճառներից մեկն էր, թե ինչու նա թողեց և գնաց Հայաստան: Նա որևէ շփում չուներ երեխաների հետ և իր ապագան չէր տեսնում Նոր Զելանդիայում: Այս ամենը շատ տխուր է»,- ասել է անհայտ աղբյուրը:
Ֆորեսթն ամուսնացել էր Ռուզան Բադալյանի հետ 18 ամիս առաջ, և նրանք ամուսնալուծվել էին իրենց երեխայի՝ Լեոյի ծնունդից մեկ շաբաթ հետո: Մինչ այս չորս տասնյակից ավելի միջազգային լրատավամիջոցներ ներկայացրել են նորզելանդացի հայրիկի պատմությունը: Մասնավորապես, նա հայտնել էր, որ իր կինը հրաժարվել է երեխայից, իսկ ինքը չի պատրաստվում դա անել և որպես հայր կպահի ու կմեծացնի իր որդուն: Նա խոստովանել է, որ նորությունը լսելուց հետո ինքը ևս շոկ է ապրել, սակայն որդուն տեսնելուց հետո հասկացել, որ պետք է պահի ու խնամի նրան:
Սամուել Ֆորեսթը որոշել է վերադառնալ հայրենիք ու այնտեղ խնամել Լեոյին, քանի որ Նոր Զելանդիայում Դաունի համախտանիշ ունեցող երեխաները գնում են սովորական մանկապարտեզ, դպրոց, հետագայում աշխատանք գտնելու հնարավորություններ ունեն և լիովին ներառված են հասարակության մեջ: Լրատվամիջոցներին տված իր հարցազրույցներում նա ասել է, որ հայ ծնողները կարծրատիպային պատկերացումներ ունեն իրենց երեխաների հանդեպ ու, երբ փոքրիկները տարբեր են լինում իդեալական երեխայի կերպարից, ծնողները լքում են նրանց: Բացի դրանից, նա ասել է, որ հայ ծնողները վախենում են հաս արակական կարծիքից: Սամուել Ֆորեսթը հայտնել է նաև, որ սիրում է Հայաստանն ու իր որդու հետ մի օր կվերառանա այստեղ:
Հայրը նախաձեռնել է «Bring Leo Home» անվանումով դրամահավաքն ու մինչ այս պահը հավաքել 441,204 հազար դոլար: Նվիրատվություն է կատարել 15 հազար 873 մարդ:
Դաունի համախտանիշով փոքրիկ Լեոյին կյանք տված Ռուզան Բադալյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել էր, որ հղիության ընթացքում բոլոր զննումներն անցել է, սակայն խնդիրը չի հայտնաբերվել: «Ես անչափ շնորհակալ եմ իմ բժշկուհուց, նա հոգատար և սիրով է եղել իմ հանդեպ: Քանի որ բավարար գիտելիքներ չունեմ այդ ոլորտից, չեմ կարող ասել, թե որքան է եղել բժշկական թերացումը կամ արդյոք եղել է: Կատարվել են բոլոր հետազոտությունները: Սոնոգրաֆիկ հետազոտության ժամանակ խնդիրը չի հայտնաբերվել»,- նշել էր Ռուզան Բադալյանը:
«Հունվարի 21-ը կյանքիս ամենաերջանիկ օրն էր, որովհետև վերջապես ծնվեց այդքան երկար սպասված բալիկս։ 06․30-ն էր, որ տղաս ծնվեց, ու այդ պահից ի վեր միայն հիշում եմ բժիշկների տագնապած դեմքերը: Արթնացել եմ մի քանի ժամ անց նարկոզից հետո։ Առաջին հարցս բնականաբար եղել է, որտեղ է երեխան։ Ու հիշում եմ իմ կողքին հավաքված հարազատներիս ու բժիշկների տխուր դեմքն ու դատավճռի նման հնչած խոսքերը «Երեխան դաունի սինդրոմ ունի»։ Թե ինչ եմ ապրել էդ րոպեին, թող դա մենակ ինձ հայտնի մնա»,-նշել է նա: