Ռուսաստանի միգրացիոն դաշնային ծառայության իր պաշտոնակիցների հետ աշխատանքային քննարկումներ ունենալու նպատակով, փետրվարի 11-13-ը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հանձնարարությամբ ՏԿԱԻՆ միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը գործուղվել է Մոսկվա: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից:
2015թ. հունվարի 2-ից Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը: Պայմանագրով անդամ պետություններում կողմերի աշխատանքային միգրանտների համար սահմանվել են էապես դյուրացված պայմաններ: Հայաստանից աշխատանքային միգրանտների գերակշիռ մասը' 96%-ը ուղղվում է դեպի Ռուսաստանի Դաշնություն, հետևաբար այդ երկրի միգրացիոն օրենսդրության փոփոխություններն անմիջապես ազդում են մեր քաղաքացի աշխատանքային միգրանտների վրա:
Մյուս կողմից, Ռուսաստանի միգրացիոն օրենսդրության և կիրառվող պրակտիկայում վերջին շրջանում տեղի ունեցած խստացումների արդյունքում, բազմաթիվ օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ սկսել է կիրառվել ՌԴ մուտքի արգելանք' մինչև 10 տարի ժամկետով: Ռուսական աղբյուրների համաձայն, նման օտարերկրացիների թիվը 3 միլիոն է: Գնահատականների համաձայն, դրանց թվում են 50-60.000 ՀՀ քաղաքացիներ, որոնք դուրս են եկել ՌԴ տարածքից (հիմնականում գտնվում են ՀՀ-ում) և չեն կարողանում հետ վերադառնալ Ռուսաստանի Դաշնություն:
Այդ անձանց խնդիրներին լուծում տալու նպատակով համաձայնություն է ձեռք բերվել ՀՀ ՏԿԱԻՆ Միգրացիոն պետական ծառայության և Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայության միջև, համաձայն որի ՌԴ մուտքի արգելքը բացելու վերաբերյալ ՀՀ քաղաքացիների դիմումները' կից փաստաթղթերի հետ միասին հավաքվում և փոխանցվում են ռուսական կողմին: