Հայաստանը ռուս գործընկերների հետ քննարկելու է ՀՀ քաղաքացիների ու տնտեսավարողների ազատ տեղաշարժը խոչընդոտող խնդիրները: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը' անդրադառնալով այն հարցին, որ բեռնափոխադրողները ահազանգում են, որ Վերին Լարսի անցակետում ռուսական կողմը հավելյալ գումար է պահանջում:

 

«Այո, հաճախ ենք տեղեկություն ստանում նման անօրինական գործողությունների մասին, սակայն չի նշանակում, որ դա իրականացվում է Ռուսաստանի պաշտոնական կողմի իմացությամբ: Ես վստահ եմ, որ փաստերը ներկայացնելու դեպքում, մեր ռուս գործընկերները համապատասխան քայլեր կձեռնարկեն այդ խոչընդոտները վերացնելու համար: Առաջիկայում մեր ռուս գործընկերներին ներկայացնելու ենք անհրաժեշտ տվյալները և քննարկելու ենք այն մեխանիզմների հարցը, որոնք կապահովեն մեր քաղաքացիների ու տնտեսվարողների ազատ տեղաշարժը ԵԱՏՄ տարածքում»,- հավելեց նախարարը: