Հայաստանը կարևորում է ԱՄՆ-ի հետ համագործակցությունը դատաիրավական բարեփոխումների ոլորտում: Այդ մասին Հայաստանում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Վուդվորդ Քլարկ Փրայսի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ընդգծել է ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը: Նա բարձր է գնահատել ԱՄՆ կառավարության հետ համագործակցության մակարդակը՝ շեշտելով շարունակական համագործակցության կարևորությանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Վուդվորդ Քլարկ Փրայսը կարևորել է Հայաստանի հետ իրավական ոլորտի համագործակցությունը: Նա շնորհակալություն է հայտնել նախարարին կառուցողական համագործակցության համար՝ ևս մեկ անգամ հավաստելով նախարարության հետ փոխգործակցության պատրաստակամությունը:
Հանդիպմանը քննարկվել են արդարադատության ոլորտին առնչվող մի շարք հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է եղել քրեակատարողական համակարգի արդիականացմանը, Հայաստանում պրոբացիոն ծառայության ներդրմանը, էլեկտրոնային կառավարման համակարգերի զարգացմանը, դատավորների վերապատրաստմանը, օրենսդրական հմտությունների բարելավմանն առնչվող հարցերում համագործակցության ուղիներին:
Կողմերն անդրադարձել են նաև երկու երկրների իրավական փոխօգնության ոլորտում համագործակցության հնարավորությունների հետագա ընդլայնմանը: Երկուստեք արձանագրվել է վերջին տարիներին իրավական ոլորտին առնչվող հայ-ամերիկյան ջանքերի դրական արդյունքները: