ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի պետական հատվածի կառավարման մասնագետ, "Դատաիրավական բարեփոխումներ" երկրորդ ծրագրի խմբի ղեկավար Դավիթ Մելիքյանին, Ծրագրի խմբի անդամներից՝ Գործառնությունների գծով ավագ մասնագետ Դեվիդ Բեռնշտեյնին, ՀԲ այլ ներկայացուցիչների:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ավարտին մոտեցող "Դատաիրավական բարեփոխումներ" ծրագրի շրջանակում համագործակցությանն առնչվող հարցեր:

Ողջունելով հյուրերին՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը գոհունակություն է հայտնել ծրագրի շրջանակում իրականացված համատեղ աշխատանքի համար և նշել, որ Ծառայության զարգացման ճանապարհին մեծ է Համաշխարհային բանկի ներդրումը, մասնավորապես՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման շնորհիվ ԴԱՀԿ ապահովող ծառայությունում փաստաթղթաշրջանառությունն իրականացվում է էլեկտրոնային եղանակով:

"Ծրագիրը բավական արդյունավետ է, և կարող ենք արձանագրել, որ Ծառայությունը լուրջ հաջողությունների է հասել մի քանի ուղղություններով: Առաջին՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման արդյունքում առանց հաստիքների ավելացման կարողացել ենք առավել արդյունավետ կերպով դիմակայել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքով առաջացած կատարողական վարույթների ծավալներին: Երկրորդ՝ տարիների վաղեմություն ունեցող "երկարաձգված" վարույթների քանակը նույնպես կրճատվել է",- նշել է Միհրան Պողոսյանը՝ միաժամանակ շնորհակալություն հայտնելով ՀԲ-ին՝ Ծառայությանը ցուցաբերած օժանդակության համար:

Ըստ նրա՝ օրեցօր ի հայտ եկող խնդիրները պահանջում են նոր լուծումներ, ուստի Ծառայությունը փնտրում և կիրառում է նոր գործիքներ՝ աշխատանքն առավել օպերատիվ կազմակերպելու, հասարակությանն ավելորդ քաշքշուկներից զերծ պահելու համար:

Միհրան Պողոսյանը վստահեցրել է, որ "էլեկտրոնային վարույթ" ծրագիրը Ծառայությունում առաջիկայում ավարտուն տեսք կունենա, որի արդյունքում էլ պարզ կդառնան հետագա քայլերը:

Դավիթ Մելիքյանը բարձր է գնահատել ՀԲ-ի և ԴԱՀԿ-ի համագործակցությունը՝ այդ համատեքստում կարևորելով տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ ծառայությունում իրականացված բարեփոխումները և ձեռք բերած տպավորիչ արդյունքները: