Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հանդիպել է երկրի ազգային փոքրամասնությունների' հայ, հույն, հրեա, ասորի և քելդանի ներկայացուցիչների հետ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Ջիհան» գործակալությունը:
Նա նշել է, որ իրենք պատրաստ են երկրում կիրառությունից հանել «փոքրամասնություն» գաղափարը: «Դուք այս հողերի իրական զավակներն եք, դրսից չեք եկել ու դուրս չեք գնալու: Այս ավանդույթներն ապրել են այս հողերում ու շարունակելու են այստեղ ապրել»,- հայտարարել է Դավութօղլուն: Իր խոսքում նա կրկին հիշել է «բոլորի ապրած ցավերի» մասին:
Որպես համատեղ պատմություն ունենալու ապացույց' Դավութօղլուն ներկաներին պատմել է այն մասին, թե «առաջին հայկական վեպը գրվել է թուրքերեն», փոխարենը «թուրքական երաժշտության վրա մեծ ազդեցություն են գործել հայկական ձևաչափերը»: Վարչապետի համոզմամբ' այս ամենը կարևոր է, և դրանք անտեսել պետք չէ: «Ցավերը միշտ պետք է մեր աչքի առաջ լինեն, սակայն մեր ձեռքերում է այս ցավերի վրա միասին լավ ապագա կառուցելը»,- շարունակել է նա իր խոսքերը' հավելելով վերջին շրջանում թուրքական կողմից շահարկվող տեսակետը «համատեղ պատմության» վերաբերյա լ:
Ընթրիքին հայկական համայնքից ներկա են եղել Յեդիքուլե Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի հիմնադրամի ղեկավար Պետրոս Շիրինօղլուն, Ուսքուդարի (Սկյութար) Սուրբ Խաչ հայկական դպրեվանքի հիմնադրամի ղեկավար Թորոս Ալջանը, Շիշլիի Քարագյոզյան հայկական որբանոցի հիմնադրամի ղեկավար Տիգրան Գյուլմեզգիլը, «Ակոս» պարբերականի գլխավոր խմբագիր Եդվարդ Դանզիկյանը: