Ժամանակն է, որ Հայաստանում քաղաքականը դաշտը զբաղեցնեն բացառապես քաղաքական դերակատարներ, ժամանակն է թողնել քաղաքական դաշտում մարդկանց, ովքեր կարող են վաղը կամ մյուս օրը երկիր ներկայացնել:

 

ՀՀԿ խորհրդի նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀԿ փոխնախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: «Գաղտնիք չէ, որ եր կար ժամանակ մենք արհեստականորեն քաղաքական ելույթներում փորձում ենք դրսևորել բացարձակ հանդուրժողականություն, սակայն կարելի է հանդուրժել մի աստիճան, մինչև դիմացինն անցնում է ռուբիկոնը՝ գիտակցելով կամ չգիտակցելով: Երկու դեպքում էլ վատ է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Աշոտյանը՝ խոսելով Հայաստանի Հանարապետության նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ելույթում հնչեցրած գնահատականների մասին:

 


Ըստ նրա՝ ներկայացված դիրքորոշմանը համաձայն էր ՀՀԿ գործադիր մարմինը, խորհուրդը, այսինքն՝ 200 մարդու դիրքորոշում է, ովքեր անցել են ճանապարհ՝ յուրաքանչյուրն իր մասով:
Անդրադառնալով հարցին, թե Հանրապետական կուսակցությունում մականունավոր քաղաքական գործիչներ չկա՞ն՝ Աշոտյանն ընդգծեց, որ նրանք կուսակցություն չեն ղեկավարում, նրանց տարբեր քաղաքական ուժեր տեքստեր չեն սնում, որ նրանք էլ առանց հասկանալու կարդան դրանք ու հետո քնեն, նրանք չեն սպ ասարկում տարբեր մարդկանց քաղաքական շահեր:

 


Հարցին, թե ինչու են նոր իմացել այն ամենի մասին, ինչ իր ելույթում ներկայացրել է ՀՀ Նախագահը, Աշոտյանը պատասխանեց, որ իրենք ոչ մի բան նոր չեն իմացել: «Եթե արդեն ծանոթացել եք նախագահի ելույթին, ապա նա իր ելույթում շեշտեց, որ վերցնում է իր վրա մեղքի այն պատասխանատվությունը, որ այսքան ժամանակ եղել ենք չափից երկար հանդուրժողական՝ հույս ունենալով, որ մեր քաղաքական-մանկավարժական գործունեությունն արդյունք կտա և մարդիկ կկարողանան այս տարիների ընթացքում լրացնել տարրական գիտելիքների այն բացը, որ այս տարիների ընթացքում ցուցաբերել են բացարձակ տգիտությամբ բոլոր հարթակներում»,-նշեց Աշոտյանը:

 

 


Նա ընդգծեց, որ իր համբերության բաժակն արդեն վաղուց է լցված եղել, իսկ այսօր էլ լցվել է իր կուսակցության համբերության բաժակը:
Աշոտյանը հիշե ցրեց նաև ՀՀ Նախագահի այն խոսքերը, որ իրենք Գագիկ Ծառուկյան քաղաքացու և գործարարի հետ որևէ խնդիր չունեն: «Եթե այդ անհատը իր տնտեսավարական գործունեության ընթացքում օրենքի հետ որևէ խնդիր չի արձանագրել, որևէ խնդիր նրա հետ չի կարող լինել»,- նշեց նա:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք Նախագահի ելույթը ճնշում չէ Գագիկ Ծառուկյանի վրա՝ Աշոտյանը պատասխանեց հարցով:

 

 

«Երբ Գագիկ Ծառուկյանը հայտարարում էր, որ ավելորդ խոսք կասեք և ես կհեղեղեմ փողոցները մարդկանցով, դա ճնշո՞ւմ էր, թե՞ չէ»,- շեշտեց նա:
Դիտարկմանը, թե վերջերս շատ է խոսվում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձի մասին, Աշոտյանը նշեց, որ ԲՀԿ-ն ժամանակին ստեղծվել է որպես նախագահի աշխատակազմի իշխանական նախագիծ: «Ո՞վ չգիտի այդ մասին: Դուք 2006-2007թթ. չգիտե՞ք: Նպատակն էր տրոհել իշխանական ռեսուրսը և այդ նախագծի շրջանակներում ապահովել երկրորդ նախագահի ներկայությունը Հայաստանի քաղաքական ներկապնակում:

 

Սակայն մի կարևոր տարբերություն կա Ռոբերտ Քոչարյանի և Գագիկ Ծառուկյանի միջև. Ռոբերտ Քոչարյանը քաղաքական կերպար է: Նույնականացման նշաններ դնելը պարզապես վիրավորանք է մեր պետականության հասցեին, որովհետև մեր պետականությունը 10 տարի ղեկավարել է Ռոբերտ Քոչարյանը: Նույն վիրավորանքը ես կընդունեմ, եթե հավասարության նշան դնենք Գագիկ Ծառուկյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի միջև»,- նշեց նա:

 

 

ՀՀ Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի նիստում: «Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը մեր երկրի համար դարձել է չարիք: Ու դա բնական է: Քաղաքական գործընթացներին մասնակից լինելու համար անհրաժեշտ մեխանիզմներ տնօրինող, բայց մտավոր ցածր ունակություններով անհատն ինքնաբերաբար դառնում է որևէ զարգացման ուղղակի արգելակ:

 

Մի բան, ինչն ակնհայտորեն երևում է արդեն վաղուց: Ցանկացած լուսավոր անհատ կամ ցանկացած լուսավոր գաղափար մեր երկրում հրապարակ իջնելուց միանգամից մոլեգնում է խավարի ուժը. աղաղակ, պիտակավորում, անվանարկում, «ես այսօր այստեղ եմ և ես ուրախ եմ, որ այսօր այստեղ եմ» մակարդակից վեր յուրաքանչյուր մտքի բռնաբարում»,-ասել է Սերժ Սարգսյանը: