Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը վերստին ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Ամերիկայի Միացյալ Նահանգների դիրքորոշումը չի փոխվել. ԱՄՆ-ը շարունակում է պաշտպանել ԼՂ խնդիրը բանակցային գործընթացի միջոցով կարգավորելու տարբերակը, որը պետք է իրականանա ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, փետրվարի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ դեսպան Միլսը ի պատասխան հարցի, թե ԱՄՆ-ն տարածաշրջանում ո՞ւմ վրա է հենվում և ի՞նչ է իր համար Ադրբեջանը, պատասխանել է.

 

 

«Կարծում եմ, որ պետք է սկսենք այնտեղից, որ ԱՄՆ-ն պաշտպանում է ԼՂ խնդրի շուրջ բանակցային կարգավորման գործընթացը: Որևէ լուծում չի կարող հիմնված լինել բռնությունների կամ պատերազմի վրա: Մեզ համար անհանգստացնող է լարվածությունը և այն հռետորաբանությունը, որ ԼՂ հարցի շուրջ ձևավորվում է: ԱՄՆ-ն պաշտպանում է Մինսկի խմբի գործընթացը՝ որպես լուծման լավագույն ուղի»:

 

 

Միլսը շեշտել է, որ ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: «Մենք մեր գործընկեր պետություններին ասում ենք ու մատնանշում, որ հակամարտության կարգավորման միայն խաղաղ լուծում կարող է լինել' Մինսկի խմբի շրջանակում: ԱՄՆ-ն, Մինսկի խմբի համանախագահները հանդես կգան բռնության ցանկացած դրսևորում դատապարտելով, քանի որ դա հանդիսանում է կողմերի ստանձնած պարտավորությունների խախտում»,-ասաց դեսպանը' հավելելով, որ Մինսկի խումբը միջնորդական գործունեություն է իրականացնում, և այն չի կարող որևէ մեկին որևէ բա պարտադրել: Անդրադառնալով ադրբեջանա-ամերիկյան հարաբերություններին' դեսպանը նշել է, որ ԱՄՆ-ն գործընկերային հարաբերություններ ունի թե Հայաստանի, թե Ադրբեջանի հետ: