Հայաստանի և Վրաստանի Ազգային ժողովների նախագահները կանխորոշել են առաջիկա անելիքները խորհրդարանական բարեկամական խմբերի համագործակցության առումով: Այս մասին Վրաստանի Ազգային ժողովի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի հետ բանակցությունների ավարտից հետո լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: «Մենք կանխորոշել ենք խորհրդարանական բարեկամական խմբերի համագործակցության հեռանրակները, և ես կարծում եմ, որ առաջիկայում այդ խմբերն ավելի ակտիվ և արդյունավետ կաշխատեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Սահակյանը:
ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները չեն կարող միակողմանի շահերի հիման վրա լինել: «Համենայնդեպս, երկու երկրների խորհրդարանները կներդնեն իրենց ջանքերը, որպեսզի ստեղծվեն պայմաններ ցանկացած խնդիր քննարկելի դարձնելու համար, և այդ ճանապարհով մենք կկարողանանք ավելի խորացնել հայ-վրացական բարեկամական հարաբերությունները»,- նշեց նա:
Գալուստ Սահակյանը վստահեցրեց, որ Վրաստանի խորհրդարանի խոսակի հետ բանակցություններն անցել են կառուցողական և բարեկամական մթնոլորտում: Նա շնորհակալություն հայտնեց վրացական պատվիրակությանը՝ Հայաստան այցելելու հրավերն ընդունելու համար՝ հույս հայտնելով, որ նմանատիպ այցերը կնպաստեն հայ-վրացական հարաբերությունների խորացմանը: