Երկրապահ կամավորական միության մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել, որում մեջբերված են ԵԿՄ Ֆրանսիայի ներկայացուցչության ղեկավար Ռուբեն Գալստանյանի և ԵԿՄ ԱՄՆ ներկայացուցչության ղեկավար Սամվել Ֆրանկլյանի խոսքերը՝ ուղղված ԱԺ պատգամավոր Ռուբեն Գևորգյանին՝ ի պատասխան վերջինիս՝ Մանվել Գրիգորյանի հասցեին արված հայտարարության:
ԵԿՄ հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.
«ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանին ուղղված Ծաղիկ Ռուբոյի խոսքին արձագանքում են ԵԿՄ արտերկրի կառույցների ներկայացուցիչները։
Ռուբեն Գալստանյան՝ ԵԿՄ Ֆրանսիայի ներկայացուցչության ղեկավար
-Երազի՛ս երկիր, երկրիս հայրենակիցնե՛ր: Այս օրերին սփյուռքում բնակվող բոլոր հայերը անհանգստություն և ցավ են ապրում՝ տեղեկանալով, որ հայրենիքում խժդժություններ են, անհաշտ մթնոլորտ, որում լսվում են անհնազանդության կոչեր պետության նկատմամբ: Հատկապես դա մտահոգիչ է, որ տեղի է ունենում այս օրերին, երբ ազգովի պատրաստվում ենք ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներին, երբ մեր պարտքն է աշխարհին ազգային միասնություն ցուցադրելը: Մեր թշնամին սահմանին հայ զինվորներին սպանողն է: Հայրենաբնակ քույրեր և եղբայրներ, մենք զորակցություն ենք հայտնում պետությանը, պետականությանը, հայոց նախագահին: Մենք աղոթում և աղաչում ենք համերաշխություն, հանդուրժողականություն, ներողամտություն միմյանց նկատմամբ:
Սամվել Ֆրանկլյան՝ ԵԿՄ ԱՄՆ ներկայացուցչության ղեկավար
-Երկրապահի ամերիկյան ներկայացուցչությունն ու վստահաբար ասեմ՝ ամերիկահայությունը, վրդովված են Ծաղիկ Ռուբոյի չմտածված հայտարարություններից, ազգակործան, պառակտչական գործունեությունից։
Թուրք է, թուրքի լիրբ է, նաիրիհունանյան է այն մարդը, ով փորձում է պառակտել երկրապահը։ Իհարկե դու, քո տերն ու իր դոդական սուտի լրատվամիջոցները խղճուկ եք, որ կարողանաք ժայռից քար պոկել, բայց ամեն դեպքում՝ ձեր իսկ օգուտի համար եմ ասում՝ կանգ առեք, մի պահ մտածեք, հետո բարբաջեք։ Հայ ազգը բոլոր հաղթանակները ձեռք է բերել միասնության շնորհիվ։ Այդպես էր և Արցախյան պատերազմի ժամանակ, իսկ այդ պատերազմի մեծագույն զորահրամանատարներից էր Մանվել Գրիգորյանը։ Միայն թուրքն ու թրքատիպ երևույթներն են դժգոհ Մանվել Գրիգորյանից, որովհետև միշտ էլ Մանվել Գրիգորյանը կարողացել է իրենց տեղը դնել դրանց»։