Վերջերս ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Գրիգորյանը գործարար դաշտում ունեցած վիճաբանության համատեքստում մեղադրանքների տարափ է հղել «Ռուսաստանի հայերի միության»,« Համաշխարհային հայկական կոնգրեսի» նախագահ Արա Աբրահամյանին՝ վերջինիս մեղադրելով ռուսաստանաբնակ հայերի ունեցվածքը յուրացնելու մեջ:
Հայաստանի բազմաթիվ ստեղծագործական միությունների և ՀՀ ԳԱԱ ներկայացուցիչներ, նկատի ունենալով ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանի հետ երկարամյա բեղմնավոր աշխատանքն ու համագործակցության դրական արդյունքները, իրենց մտահոգությունն են արտահայտել վերոնշյալի առթիվ: Այդ կապակցությամբ նրանք պարզաբանումներ են խնդրել: ՌՀՄ փոխնախագահ Վլադիմիր Աղայանը ստեղծագործական միությունների ներկայացուցիչներին Ռուբեն Գրիգորյանի որոշ հայտարարությունների վերաբերյալ սպառիչ պարզաբանումներ է տվել:
Վլադիմիր Աղայանի խոսքով՝ ցավալի է նման հրապարակումներ կարդալը։
«Եթե տարաձայնությունը բիզնես ոլորտում է, ապա դա իրենց խնդիրն է, դրա համար կա օրենսդրական դաշտ: Իսկ եթե կա անձի և կազմակերպության վարկաբեկման հարց, ապա մենք դա անտեսել չենք կարող»,-նշել է Աղայանը:
Հավաքի մասնակիցները, ի գիտություն ընդունելով ՌՀՄ փոխնախագահի պարզաբանումները, Ռուբեն Գրիգորյանին զսպվածության և ողջախոհության կոչ են արել և ընդունել համապատասխան հայտարարություն:
Հայտարարություն
Վերջին շրջանում ռուսաստանյան զանգվածային տարբեր լրատվամիջոցներում, ոմն Ռուբեն Գրիգորյանի ստորագրությամբ, հրապարակվում են նյութեր, որոնք նպատակ ունեն ստվեր նետելու «Համաշխարհային հայկական կոնգրեսի» և «Ռուսաստանի հայերի միության» նախագահ, ճանաչված գործարար և բարերար Արա Աբրահամյանի անվան և գործունեության վրա:
Մեզ`Հայաստանի մշակույթի, գրականության, կրթության և գիտության ոլորտների ներկայացուցիչներիս համար, նման երևույթն անընդունելի, նաև դատապարտելի է նախևառաջ նրանով, որ ինչ-ինչ նպատակներով փորձելով վարկաբեկել անհատին, խաթարվում է հայ ժողովրդի դարերով ձեռք բերած բարի համբավն ամբողջ աշխարհում:
Մենք դա անհանդուրժելի ենք համարում մանավանդ Արա Աբրահամյանի պարագայում, որի ղեկավարած հաստատությունների, ու նաև անձամբ իր, մարդասիրական, ազգասիրական, հայրենասիրական բաց ու հրապարակային գործունեության արդյունքները հայտնի են բոլորին` Հայրենիքում, Ռուսաստանում և այլուր: Մասնավորապես, մենք կարող ենք վկայել, որ մեր երկրի ու ժողովրդի համար դժվարին, ավելի քան մեկուկես տասնամյակի ընթացքում նա ջանք չի խնայել և, համոզված ենք, այսուհետ ևս չի խնայելու` տարբեր միջոցներով սատարելու է Հայաստանում մշակույթի, գրականության, գիտության և կրթության զարգացմանը, տնտեսական և սոցիալական նախաձեռնությունների խթանմանը, որոնց պարզ թվարկումն անգամ բազմաթիվ էջեր կպահանջեր: Ահա թե ինչու, բնական է թվում հարցը` իսկ ի՞նչ է արել նա, այսպես կոչված «ընդդիմախոսը», իր Հայրենիքի, ազգի, ընդհանրապես մարդկանց համար:
Կարծում ենք, մեկնաբանություններն ավելորդ են:
Մենք՝ նեքոստորագրյալներս, Ռուբեն Գրիգորյանին ողջախոհության և զսպվածության կոչ ենք անում:
ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ՝
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս քարտուղար, Գիտության զարգացման հիմնադրամի նախագահ
ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ՝
Հայաստանի գրողների միության նախագահ
ԱՐԱՄ ՍԱԹՅԱՆ՝
Հայաստանի կոմպոզիտորների և երաժիշտների միության նախագահ
ԿԱՐԵՆ ԱՂԱՄՅԱՆ՝
Հայաստանի նկարիչների միության նախագահ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ՝
Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ
ԴԱՎԻԹ ՂԱԶԱՐՅԱՆ՝
Հայաստանի երաժշտական ընկերության նախագահ
ԳՐԻԳՈՐ ՋԱՆԻԿՅԱՆ՝ արձակագիր
ՍԱՄՎԵԼ ԿՈՍՅԱՆ՝ բանաստեղծ
ԱՐՄԱՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ՝ գեղանկարիչ
ՌՀՄ հայտարարած մրցանակաբաշխության դափնեկիրներ
22.02.2018. Երևան