ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն անելու են ամեն բան Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում առկա լարվածությունը թոթափելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Բաքվում ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը հայտնել է Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Պիեր Անդրյուն:
«Մենք հուսով ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներն ապագայում էլ կշարունակեն հանդիպումները: Մենք շատ կցանկանայինք, որ երկու երկրի նախագահները հանդիպեն ամենաուշը սեպտեմբերին' ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի գագաթնաժողովի ժամանակ: Ի վերջո, վերջնական որոշումը կայացնում են նախագահները, իսկ մենք փորձում ենք խաղալ միջնորդների մեր դերը: Դա հեշտ չէ, բայց մենք շարունակում ենք»,- ասել է Պիեր Անդրյուն: Նա տեղեկացրել է նաև, որ համանախագահներն առաջիկայում այցելելու են Մինսկի խմբի այլ անդամ-պետություններ' Բելառուս, Սերբիա և Իտալիա:
Մինսկի խմբի համանախագահները Ադրբեջան կատարած այցից հետո փետրվարի 17-ին կայցելեն Հայաստան, այնուհետև կլինեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: