Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի միջև 2017 թվականին տեղի ունեցած հանդիպումը դրական քայլ է համարվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Վիեննայում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Ցանկացած հակամարտությունում անհրաժեշտ է հենվել ընդհանուր մոտեցումների վրա: Դրանցից առաջինը հակամարտող երկրների միջև ուղիղ երկխոսությունն է, որը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում գոյություն ունի: Իհարկե, այն մեզ դեռևս լուրջ առաջընթաց չի տալիս, սակայն փաստը, որ այս տարի երկխոսությունը տեղի է ունեցել նախագահների և բազմիցս նաև արտգործնախարարների մակարդակով, մեզ դրական է թվում: Շարունակելու ենք աշխատել այն ուղղությամբ, որը ենթադրում է Մինսկի խմբի համանախագահների՝ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի հավաքական մոտեցումը»,- հայտարարեց Լավրովը:
Նա հիշեցրեց, որ նիստի ընթացքում ՄԽ համանախագահ երկրները վերահաստատել են իրենց մոտեցումներն ընդհանուր հայտարարության տեքստում: «Այն ներառում է խնդրի կարգավորման սկզբունքները, որոնք կողմերն ընդունել են, սակայն դեռևս չեն փոխակերպել գործնական քայլերի»,- նշեց Ռուսաստանի ԱԳ նախարարը: