Տեխասի ֆեդերալ դատավորն արգելափակել Է նոր միգրացիոն քաղաքականություն վարելու վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի կարգադրությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
26 նահանգներ դատի են տվել այդ բարենորոգումը, որը խոչընդոտում Է երկրում անօրինականորեն բնակվող հինգ միլիոն օտարերկրացիների արտաքսմանը:
Դատավոր Էնդրյու Հեյնենի վճիռը գնահատում չի տալիս բուն նախագահական նախաձեռնությանը, բայց ԱՄՆ-ի նահանգներին ավելի շատ ժամանակ Է տալիս այն բողոքարկելու համար:
Չնայած դրան, նախագահ Օբաման վստահություն Է հայտնել, որ վաղ թե ուշ անօրինական ներգաղթյալների հիմնախնդիրը կլուծվի այնպես, ինչպես առաջարկում Է Սպիտակ տունը:
«Դատավորի վճռի նկատմամբ ամբողջ հարգանքով հանդերձ պետք Է հայտարարեմ, որ ես համաձայն չեմ նրա հետ»,- մեկնաբանել Է Օբաման Տեխասի նորությունները:
«Ես կարծում եմ՝ օրենքը մեր կողմն Է, եւ պատմությունը մեր կողմն Է»,- հավելել Է ԱՄՆ-ի նախագահը:
Նոր միգրացիոն քաղաքականության առանձին դրույթներ պետք Է գործողության մեջ մտնեին փետրվարի 18-ին:
ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունն արդեն հայտարարել Է, որ պլանավորում Է անհապաղ բողոքարկել Տեխասի դատավորի վճիռը: Փետրվարի 17-ին Սպիտակ տունը հայտարարել Է, որ ԱՄՆ-ի նոր միգրացիոն քաղաքականությունը համապատասխանում Է երկրի օրենսդրությանը:
Բարաք Օբաման նախագահական նախաձեռնությամբ հանդես Է եկել անցյալ տարվա նոյեմբերին այն բանից հետո, երբ Կոնգրեսում ներգաղթի համակարգի բարենորոգումն անցկացնելու մի քանի փորձեր ավարտվել Էին անհաջողությամբ: