Թուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (AKP) եւ ընդդիմադիր քրդական «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP) պատգամավորների միջեւ:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Միլիեթ» թերթը, ծեծկռտուքը սկսվել է խորհրդարանում Թուրքիայի բնակչության անվտանգության ապահովմանն ուղղված բարեփոխումների փաթեթի քննարկման ժամանակ: Արդյունքում վնասվածքներ է ստացել HDP-ից պատգամավոր Էրթուղրուլ Քյուրքչուն:

 

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ավելի վաղ հայտարարել էր, որ երկրում մի շարք բարեփոխումներ կանցկացվեն բնակչության ավնտանգությունն ապահովելու համար:

 

Նրա խոսքով' առաջիկա բարեփոխումներով նախատեսվում է արգելել ցանկացած ակցիա, որն ուղղված կլինի պետականության դեմ, ինչպես նաեւ սպառնալիք կպարունակի քաղաքացիների կյանքի համար:

 

Դրանից հետո մի շարք ընդդիմադիր կուսակցություններ բողոք են հայտնել իշխող AKP-ին առ այն, որ Թուրքիան վերածվում է ոստիկանական պետության: