Թուրքիայի խորհրդարանում ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) և իշխանական «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) ներկայացուցիչների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» թերթը, CHP-ից պատգամավորները AKP-ից իրեն գործընկերներին մեղադրել են այն բանում, որ վերջիններս չեն ճանաչում լրագրողներ Ջան Դունդարին և Էրմեն Գուլին ազատելու մասին դատարանի որոշումը:
Խորհրդարանականների միջև փոխադարձ մեղադրանքներն արագորեն վերածվել են ծեծկռտուքի: Պատգամավորներին բաժանել է միջադեպին միջամտած խորհրդարանի անձնակազմը:
«Ջումհուրիեթ» թերթի լրագրողներ Ջան Դունդարին ու Էրմեն Գուլին իշխանությունները մեղադրում են այն բանում, որ վերջիններս հրապարակել են Թուրքիայի ազգային անվտանգության ծառայության կողմից «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման մարտիկներին զենք և սպառազինություն ուղարկելու ապացույցներ պարունակող տեսանյութ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ չի ճանաչում լրագրողներին ազատ արձակելու մասին Սահմանադրական դատարանի որոշումը, որը վերջիններիս գործողությունը դիտարկել է խոսքի ազատության շրջանակում: Լրագրողների կողմից այդ տեսանյութի հրապարակումն Էրդողանը «լրտեսություն» է բնութագրել:
«Ոչ միայն համաձայն չեմ Սահմանադրական դատարանի այդ որոշմանը, այլ նաև չեմ հարգում այն»,- ասել էր Էրդողանը:
Էրդողանի այդ հայտարարությունը մեծ աղմուկ է առաջացրել թուրքական խորհրդարանում և հասարակության մեջ: