Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Գլենդելի Կենտրոնական գրադարանում փետրվարի 26-ին ժամը 19։00-ին, տեղի կունենա «Հայ որբերի գորգի» վերաբերյալ էլեկտրոնային ցուցադրությունը, որը նախաձեռնել է Մորիս Միսակ-Քելեչյանը։
Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով Armenialife-ը:
Հայ որբերի գորգը գործվել է Բեյրութից մոտավորապես 32 կմ հեռավորությամբ գտնվող Ղազիր քաղաքի աղջիկների որբանոցում, որտեղ 1400 աղջիկ էր ապրում։ Որբանոցը ֆինանսավորվում էր գորգերի վաճառքի եւ Մերձավոր Արեւելքի օգնության կոմիտեի կողմից տրամադրվող գումարների շնորհիվ։
3.4x5.5 8 մետր չափերով գորգը ունի 4404206 հանգույց եւ զարդարված է կենդանիների, բույսերի նախշերով ու արաբեսկներով։
1925 թ. դեկտեմբերի 4-ին գորգը հայ որբերը նվիրել են ԱՄՆ նախագահ Քալվին Քուլիջին ՝ ի նշան երախտագիտության 1915թ. Ցեղասպանության ժամանակ հայերին ցուցաբերած օգնության համար։ Գորգը գտնվում էր Սպիտակ տանը, քանի դեռ Քուլիջը չէր լքել իր պաշտոնը։ Դրանից հետո գորգը տեղափոխեցին Նորդհեմփթոն (Մասաչուսեթս նահանգ) նախկին նախագահի տուն։ Քուլիջներն այն սերնդեսերունդ փոխանցել են իրար: Գորգն. ի վերջո, 1982թ. ընդգրկվել Սպիտակ տան հավաքածուում։
2014թ. նոյեմբերին գորգը ցուցադրության էր հանվել Սպիտակ տան այցելուների կենտրոնում։