Փետրվարի 20-ին համազգային հանրահավաք անցկացնելու որոշման մասին հայտարարելուց հետո, իշխանությունները հանրահավաքը տապալելու նպատակով Համաժողովրդական շարժման դեմ սանձազերծեցին մի ամբողջ ահաբեկչական արշավ' բռնաճնշումների եւ սպառնալիքների հիմնական թիրախ դարձնելով Բարգավաճ Հայաստան կուսակցությանը: Այս մասին ասվում է ՀԱԿ-ի տարածած հաղորդագրությունում:

 

 

Ինչպես հայտնի է, ԲՀԿ քաղխորհուրդն այսօր հայտարարություն է տարածել իշխանությունների կողմից հարուցված անօրինական խոչընդոտների պայմաններում փետրվարի 20-ի հանրահավաքը չեղյալ համարելու մասին: Հայ Ազգային Կոնգրեսը ըմբռնումով է մոտենում ԲՀԿ-ի հայտարարությանը և հավաստում, որ կօգտագործի քաղաքական պայքարի բոլոր միջոցները' իր գործընկերոջ նկատմամբ բռնությունները դադարեցնելու նպատակով:

 

 

Միեւնույն ժամանակ Հայ Ազգային Կոնգրեսը, հայտարարում է , որ շարունակելու է ապօրինի ռեժիմի հեռացման եւ Հայաստանում ժողովրդավարության հաստատման համար վճռական պայքարը եւ ժողովրդին հրավիրում է մարտի 1-ին ժամը 15.00-ին Ազատության հրապարակում կայանալիք համազգային հանրահավաքին: Հանրահավաքի իրազեկումը քաղաքապետարանի կողմից ընդունված է ի գիտություն: Հանրահավաքում կվերլուծվի ստեղծված իրավիճակը եւ կներկայացվեն Համաժողովրդական շարժման հետագա անելիքները: