Չնայած Հայաստանի և Թուրքիայի խորհրդարաններից Հայաստան-Թուրքիա արձանագրությունների հետկանչին, Եվրոպական միությունը շարունակում է սատարել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և հաշտեցման գործընթացին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ' «ԵՄ-Հայաստան հարաբերություններ. նոր ուղիների ուրվագծում» քննարկմանն այս մասին հայտարարեց Հայաստանում ԵՄ պատվիրակութ յան ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան: «Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները նույնպես հաշվի կառնվեն Հայաստան-ԵՄ հարաբերություններում»,- ընդգծեց դեսպանը:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հիմնախնդրին' Հրիսթեան մտահոգություն հայտնեց հայ-արդբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում լարվածության սրացման և հաճախակի դարձած բախումների վերաբերյալ: Նա ևս մեկ անգամ նշեց, որ «հակամարտությունը ռազմական լուծում չունի» և անհրաժեշտ քայլեր պետք է ձեռնարկել կայուն «ստատուս քվո»-ի համար:
2015 թվականի փետրվարի 16-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը նամակով դիմել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ տեղեկացնելով 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները ՀՀ ԱԺ-ից հետ կանչելու վերաբերյալ իր որոշման մասին:
2008թ. ՀՀ Նախագահի նախաձեռնությամբ սկսվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր փուլ, որի արդյունքում 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ՀՀ և ԹՀ ԱԳ նախարարները ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» Արձանագրություններ:
Արձանագրությունների ստորագրումից հետո Թուրքիան, կտրուկ փոխելով իր դիրքորոշումը և հրաժարվելով «խելամիտ ժամկետներում» և առանց նախապայմանների երկկողմ հարաբերությունները կարգավորելու ձեռք բերված համաձայնությունից, Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովում Արձանագրությունների վավերացումը պայմանավորեց ԼՂ-ի հիմնահարցի կարգավորմամբ:
2010թ. ապրիլի 22-ին, հաշվի առնելով թուրքական կողմի պատճառով ստեղծված իրավիճակը, ինչպես նաև արձագանքելով ՀՀ իշխող կոալիցիայի կուսակցությունների քաղաքական խորհուրդների համատեղ դիմումին, ՀՀ Նախագահը հրամանագիր ստորագրեց Արձանագրությունների վավերացման գործընթացի կասեցման մասին: