Հայաստանի 12 բուհերի պորֆեսորադասախոսական և ադմինիստրատիվ կազմի 30 մասնագետներ վերապատրաստոմ են անցել Գերմանիայից և Ֆինլանդիայից ժամանած դասախոսների մոտ: «Արմենպրես»-ի փոխանցմամբˋ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Թվինինգ» ծրագրի շրջանակում փետրվարի 17-19-ը Երևանում անցկացվել են եռօրյա ուսուցողական դասընթացներ: Դրանց նպատակն է ապահովել ՀՀ և Եվրոպայի բարձրագույն կրթության համատեղելիությունը, ինչպես նաև բարձրագույն կրթության որակը համապատասխանեցնել աշխատանքային շուկայի պահանջներին:

 

«Թվինինգ» ծրագրի մշտական խորհրդատու Կալ Հոլմը լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց, որ իրենց նպատակն է ստեղծել որակի ապահովման համակարգ: «Այդ նպատակով Հայաստան են ժամանել հիսուն դասախոս Գերմանիայից, Ֆինլանդիայից, Էստոնիայից: Այս կերպ Եվրամիությունն աջակցում է Հայաստանին առավել ակտիվ և սահուն ինտեգրվել եվրոպական բարձրագույն կրթական համակարգին, թեև Հայաստանն արդեն իսկ եվրոպական բարձրագույն կրթության տարածքի մաս է կազմում»,- ասաց Հոլմը:

 

Ծրագրի շրջանակում կվերապատրաստվեն հայաստանյան կրթական հաստատությունների 120 մասնագետ:

 

ՀՀ Կրթության և գիտության նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանն իր հերթին համոզմունք հայտնեց, որ 2013 թվականի սեպտեմբերի 1-ից ներդրված «Թվինինգ» ծրագրի շրաջանակում նախարարությունը կկարողանա լուծել իր առջև դրված խնդիրները: Այս տեսանկյունիցˋ Հայաստանը բավական բարձր ակտիվություն է ցուցաբերում կրթական ծրագրերում: «Հայաստանը կհյուրընկալի 2015թ. մայիսի 14-15-ը Երևան ում կայանալիք Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովը և Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումը: Մեր երկիր կժամանեն 500-ից ավելի պատվիրակներˋ հիսունից ավելի երկրից: Գագաթնաժողովի ընթացքում գլխավորապես քննարկվելու են ապագայում կատարվելիք աշխատանքները և հեռանկարները»,- ասաց Սուքիասյանը:

 

ԵՄ-ն 1 մլն եվրո է հատկացրել 24 ամիս տևողությամբ ծրագիրն իրականացնելու համար: